Պահքը կարող է դառնալ սովորություն, աղոթքը՝ ձևականություն, իսկ զոհաբերությունը՝ ինքնախաբեություն, եթե մարդու սիրտը չփոխվի. Տեր Հեթում


Պահքը կարող է դառնալ սովորություն, աղոթքը՝ ձևականություն, իսկ զոհաբերությունը՝ ինքնախաբեություն, եթե մարդու սիրտը չփոխվի. Տեր Հեթում
Փետրվար 16 19:44 2026

Ախթալայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանը գրել է.

«Այսօր Մեծ Պահքի առաջին օրն է․ պահքի դուռը բացվում է ոչ միայն մեր սննդակարգի, այլ՝ մեր ներաշխարհի առաջ։ Եվ հենց այս շեմին Եկեղեցին մեզ տալիս է Եսայու մարգարեության խիստ ու լուսավոր խոսքը.

«Լվացվեք, մաքրվեք, ձեր չար գործերը հեռացրեք իմ աչքերի առաջից… սովորեք բարին անել, արդարություն որոնեք» (Ես. 1․16-17)։

Այս խոսքերը մեզ հիշեցնում են մի կարևոր ճշմարտություն. Աստծուն չի բավարարում միայն արտաքին կրոնականությունը։ Պահքը կարող է դառնալ սովորություն, աղոթքը՝ ձևականություն, իսկ զոհաբերությունը՝ ինքնախաբեություն, եթե մարդու սիրտը չփոխվի։ Մարգարեն կարծես ասում է. մի՛ սկսիր մարմնից, եթե հոգիդ մնում է անփոփոխ։

Փիլիսոփայական իմաստով այստեղ բացվում է մարդու ներքին ազատության խնդիրը։ Չարը միայն արտաքին գործողություն չէ, այլ ներսում հաստատված մտածողություն, աշխարհայացք, վերաբերմունք։ «Լվացվեք» նշանակում է՝ փոխեք ձեր ներքին հայացքը կյանքի հանդեպ, ձեր չափանիշները բարու և չարի մասին։ Սա ինքնաքննության կոչ է՝ ոչ թե ուրիշներին դատելու, այլ սեփական խավարին նայելու քաջություն ունենալու։

Եվ ապա հնչում է Աստծո զարմանալի խոստումը.

«Թե ձեր մեղքերը լինեն ինչպես կարմիր, ձյան պես կսպիտականան» (Ես. 1․18)։

Սա ոչ միայն ներում է, այլ՝ վերաստեղծում։ Աստված չի ասում՝ «մոռանամ քո անցյալը», այլ ասում է՝ «քեզ նոր մարդ կդարձնեմ»։ Մարդու կյանքը այստեղ այլևս փակ շրջան չէ, այլ բաց ճանապարհ։ Փիլիսոփայորեն՝ սա հույսի հաղթանակն է ճակատագրապաշտության վրա։

Սակայն մարգարեն նաև զգուշացնում է.

«Եթե կամենաք և լսեք, երկրի բարիքներից կուտեք, իսկ եթե մերժեք… սուրը կուլ տա ձեզ» (Ես. 1․19-20)։

Այս խոսքերը ցույց են տալիս, որ մարդու կյանքը կառուցվում է ընտրության վրա։ Պահքը մեզ չի փրկում ինքնին, այլ այն որոշումը, որ պահքի մեջ ընդունում ենք՝ ապրել արդարության, խոնարհության և սիրո օրենքով։

Այսպիսով, Մեծ Պահքի առաջին օրը մեզ կանգնեցնում է ոչ թե սեղանի, այլ խղճի առաջ։ Այն հարց է տալիս մեզ.

Արդյո՞ք ես պատրաստ եմ մաքրվել ներսից, ոչ միայն զրկվել դրսից։ Արդյո՞ք ուզում եմ արդար լինել, թե պարզապես բարեպաշտ երևալ։

Եթե այս հարցերին անկեղծ պատասխան տանք, ապա պահքը կդառնա ոչ թե ծանր պարտականություն, այլ ազատագրող ճանապարհ։ Եվ այն ժամանակ Եսայու խոսքը այլևս չի հնչի որպես մեղադրանք, այլ որպես հույսի հրավեր՝ նոր կյանքի, նոր սրտի, նոր մարդու»։