Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ԱՄՆ փոխնախագահը Բաքու այցի ընթացքում բարձրացրել է Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությանը ներում շնորհելու և ազատ արձակելու հարցը։
«Նա նաև այս հարցը բարձրացրեց, և ես ներկայացրեցի Ադրբեջանի դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ, և այդքանը… Ինչ վերաբերում է այդ անձանց, նրանք անջատողական ռեժիմի ղեկավարներ են, որը անօրինական կերպով գործում էին մեր տարածքում՝ ամբողջ միջազգային հանրության, այդ թվում՝ Հայաստանի կողմից ճանաչված ինքնիշխան ադրբեջանական պետության տարածքում։
Նրանց դատավարությունը տեղի է ունեցել լիովին թափանցիկ եղանակով: Նրանց հանցագործությունները ապացուցվել են բազմաթիվ վկաների ցուցմունքներով: Նրանց նկատմամբ որևէ իրավախախտում կատարելու մասին խոսք լինել չի կարող»,- Մյունխենում France 24-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նա նաև համեմատություն է անցկացրել Նյուրնբերգյան դատավարությունների հետ և հարցրել. «Բոլոր նացիստական առաջնորդները դատապարտված են մահվան, և ինչ-որ մեկը գալիս և խնդրում է նրանց ազատ արձակել...
Նրանց հանցագործությունները նույնիսկ ավելի վատ էին, քան նացիստների կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կատարվածը»։
Լրագրողի հարցին, թե արդյոք Ադրբեջանի նախագահը կարող է իր լիազորությունները կիրառել այս մարդկանց ներում շնորհելու համար, Ալիևը կրկնել է, որ նրանք «կատարել են մարդկության դեմ լուրջ հանցագործություններ»։










