«Սրբազան պայքարի» գործով դատական նիստում Վահագն Չախալյանն անդրադարձավ իր խափանման միջոց կալանքի փոփոխության հարցին։
«Փաստաբանները միջնորդում են, որ այս խափանման միջոցը փոխեք։ Հիմա դուք ոչ թե ինձ եք պատժում, այլ իմ երեխաներին։ Խոսքը այս 20 օրերի մասին չէ»,– դիմելով դատավորին՝ ասաց Չախալյանը։
Նրա խոսքով՝ կալանքը իրականում պատիժ է, անկախ այն հանգամանքից, թե ինչպես է այն ներկայացվում․ «Սա պատիժ է։ Դուք կարող եք սա արդարադատություն կոչել, բայց սա պատիժ է, երբ անմեղ մարդուն եք դատում։ Բայց հարցն արդեն սոցիալական է։ Երբ մարդը մեկ ամիս է նստում, մի բան է ֆինանսական խնդիրները լուծելը, երբ արդեն 5–8 ամիս է, մեկ տարի է, ամեն ինչ բարդանում է»։
Չախալյանը նշեց, որ ընտանիքը հայտնվել է ծանր կացության մեջ․ «Կինս հազիվ է հասցնում երեխաներին դպրոց տանել-բերել, շատ անգամ նույնիսկ չի հասցնում։ Աշխատելու մասին էլ չեմ խոսում։ Հարցն արդեն ես չեմ, Աստված վկա։ Պետք լինի՝ 4 ամիս էլ, 14 ամիս էլ կնստեմ։ Հարցն այն է՝ իմ երեխաներին անտուն թողնե՞լ, թե՞ ոչ։ Ես Վրաստանում արդեն մեկ անգամ տուն եմ կորցրել, բայց Հայաստանում տուն կորցնողը չեմ»։










