21-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ կան վիրավորներ


21-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ կան վիրավորներ
Փետրվար 10 19:30 2026

Այսօր՝ փետրվարի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում Տեղ գյուղից Գորիս քաղաք ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում Սյունիքի մարզի բնակիչ 21-ամյա Վահե Թ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և գլխիվայր մասամբ հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ՝ Սյունիքի մարզի բնակիչներ 65-ամյա Աիդա Օ․-ն, 42-ամյա Հերմինե Թ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Սևոյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սպարտակ Օրդոյանը, Նվեր  Զախարյանը և Գևորգ Հայրապետյանը։

Վթարի մասին ՊԾ Սյունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով ճանապարհը պատված է եղել ձյան շերտով։