Սուրբ Վարդանանց սխրանքը մեր պատմության մեջ պարզապես տարեգրություն չէ, այլ հոգևոր բանալի՝ հասկանալու, թե ինչո՛ւ է Հայ եկեղեցին բազում հաղթանակների ու պարտությունների միջից առանձնացրել հենց Ավարայրը՝ եկեղեցական տոնակատարությամբ դարձնելով մշտամնա խորհուրդ, այս մասին գրում է Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը։
Հայրն Սուրբն ընդգծում է՝ առաջին հայացքից Ավարայրը ռազմական պարտություն էր։
«Զինվորական հաշվարկով՝ նահատակություն, կորուստ, նահանջ։ Բայց եկեղեցին պատմությունը չի կարդում միայն ռազմագիտական չափանիշներով։ Նա տեսնում է խորքային ընթացքը՝ գաղափարական խտացումը, այն պահը, երբ մի ժողովուրդ հստակ ասում է, թե հանուն ինչի է ապրում և հանուն ինչ է պատրաստ մեռնել։ Ավարայրը դարձավ ոչ թե պարտության խորհրդանիշ, այլ ինքնության հռչակագիր։
Հայ եկեղեցին անմահացրեց Ավարայրը, որովհետև այնտեղ կատարվեց հոգևոր ընտրություն։ Պարսից իշխանությունը պահանջում էր ոչ միայն քաղաքական հպատակություն, այլ՝ հավատափոխություն, ազգային-հոգևոր գիտակցության վերաձևում, կրթական-մշակութային հիմքերի քանդում։ Պահանջվում էր հրաժարվել հիշողությունից, լեզվից, Աստծուց։ Այսինքն՝ հրաժարվել ինքնությունից։ Եվ այդ պահին Սուրբ Վարդանը և նրա զինակիցները, Սուրբ Ղևոնդյանց քահանաները և նրանց հետ ամբողջ ժողովուրդը հռչակեցին կյանքը «Վասն հաւատոյ եւ վասն հայրենեաց»։
Այստեղ է գաղափարական խտացումը․ հավատքն ու հայրենիքը բաժանված չեն։ Հավատքը միայն անձնական բարեպաշտություն չէ, հայրենիքը միայն տարածք չէ։ Հավատքը ինքնության հոգին է, հայրենիքը՝ այդ հոգու մարմինը։ Երբ մեկը վտանգվում է, մյուսը չի կարող փրկվել առանձին։
Այդ պատճառով էլ Ավարայրը դարձավ եկեղեցու հիշողության խտացումը։ Ոչ թե որովհետև այնտեղ ամեն ինչ ավարտվեց, այլ որովհետև այնտեղ ամեն ինչ սկսվեց։ Ավարայրը ցույց տվեց, որ պատմական պարտությունը կարող է դառնալ հոգևոր հաղթանակի սկիզբ։ Եվ իրական հաղթանակը եկավ տարիներ անց՝ Նվարսակի պայմանագրով։ Այսինքն՝ այն, ինչ թվաց պարտություն, դարձավ երկարատև դիմադրության հիմք և վերջնական արդարության ճանապարհ»,- նշել է Հայր Ռուբենը։










