«Դեպքը եղել է դասամիջոցին, դպրոցում». Մանրամասներ՝ Լոռիում 13-ամյա երեխային ծեծին ենթարկելու դեպքից


«Դեպքը եղել է դասամիջոցին, դպրոցում». Մանրամասներ՝ Լոռիում 13-ամյա երեխային ծեծին ենթարկելու դեպքից
Փետրվար 12 18:13 2026

Լոռու մարզի դպրոցներից մեկում փետրվարի 11-ին ծեծկռտուքից տուժած 13-ամյա երեխան դուրս է գրվել հիվանդանոցից։ Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ դպրոցի տնօրենից։ 

Panorama.am-ի տեղեկություններով դեպքը տեղի է ունեցել Ջրաշեն գյուղի միջնակարգ դպրոցում։ Դպրոցի տնօրեն Արմինե Մխիթարյանը մեզ հետ զրույցում չհերքեց տեղեկությունը։ 

«Դասերի ժամանակ չի եղել, եղել է դասամիջոցին, դպրոցում։ Ծնողի հետ եմ զրուցել, երեխան այս պահին տանն է, սակայն գտնվում է բժիշկների վերահսկողության տակ։ Հետագա ընթացքի մասին կիմանանք»,- նշեց Մխիթարյանը։ 

Անդրադառնալով միջադեպի մասնակիցներին, տնօրենը նշեց, որ վարքի հետ կապված մինչ այժմ խնդիրներ չեն եղել. «Ակտիվ, ընկերասեր երեխաներ են, լավ սովորում են, խնդիրներ չեն ունեցել»։ 

Հարցին՝ ինչպես է ստացվում, որ դպրոցում նման դեպք է գրանցվել և արդյոք տարածքում չեն եղել դպրոցի աշխատակիցները, Մխիթարյանն արձագանքեց. «Այս պահին այդ գործը քննվում է, եթե նման բան է եղել, միանշանակ կարձանագրեն։ Այն, ինչը որ անհրաժեշտ էր կազմակերպել, կազմակերպվել է, բոլորն իրենց տեղում են եղել»։ 

Ինչի շուրջ է եղել վիճաբանությունն ու աշակերտներից քանիսն են մասնակցել ծեծկռտուքին, տնօրենը հրաժարվեց մեկնաբանել՝ նշելով, որ գործը քննության փուլում է։ 

Հիշեցնենք՝ երեկ՝ փետրվարի 11-ին, Լոռու մարզի դպրոցներից մեկում աշակերտների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, որի հետևանքով մի աշակերտ տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Shamshyan.com-ը հայտնել էր, որ երեխային ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։