128 խախտում, անմատչելի տեղամասեր և ուղղորդումներ․ «Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները


128 խախտում, անմատչելի տեղամասեր և ուղղորդումներ․ «Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
Հոկտեմբեր 25 16:06 2026

Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների ընթացքում «Անկախ դիտորդ» դաշինքը դիտորդական առաքելություն է իրականացնում 200 շրջիկ դիտորդների և 11 արագ արձագանքման խմբերի միջոցով։ Ինչպես հրավիրված ասուլիսում հայտնեց դաշինքի համակարգող Արթուր Սաքունցը, ժամը 13:00-ի դրությամբ դիտորդներն այցելել են 380 ընտրական տեղամաս, իսկ առավոտյան նիստերի ընթացքը դիտարկվել է 90 տեղամասում։

Դիտարկված տեղամասերի 73%-ում առավոտյան նիստը մեկնարկել է ճիշտ ժամին՝ 07:00-ին, իսկ 27%-ում՝ ուշացումով։ Նիստերի 97%-ն ընթացել է առանց խախտումների։ Արձանագրվել են նաև տեխնիկական թերություններ․ 2 տեղամասում սարքի անսարքության պատճառով չի տպվել զրոյական տեղեկանքը, 3-ում եղել են կահավորման թերություններ, իսկ 1-ում՝ իրազեկման նյութերի բացակայություն։

Նրա խոսքով՝ դիտարկված տեղամասերի 30%-ում որևէ կուսակցություն վստահված անձ չի ունեցել։

«Պատկերացրեք՝ 90 դիտարկված տեղամասերից 30 տոկոսում որևէ կուսակցություն փաստորեն վստահված անձ չի ունեցել: Մնացած տեղամասերի մեծ մասում ներկա է եղել ընդամենը մեկ կուսակցության ներկայացուցիչ»,- ընդգծել է նա։

Ըստ «Անկախ դիտորդ» դաշինքի տվյալների՝ տեղամասային կենտրոնների մուտքի մոտ խոչընդոտներ են նկատվել 37%-ում, իսկ 35%-ը գնահատվել է լիովին անմատչելի։ Տեղամասերի 5%-ում քվեարկության սենյակը գտնվել է երկրորդ հարկում։

«Օրինակ՝ 25-2 տեղամասը Ստեփանավանում․ այդ շենքի քվեարկության սենյակը երկրորդ հարկ էր, և մեր ներկայությամբ հաշմանդամություն ունեցող անձը կաղալով մի կերպ բարձրանում էր երկրորդ հարկ․․․ Նման պայմաններում քվեարկության կազմակերպումը բարենպաստ չէ նման խնդիրն ունեցող մարդկանց համար»,- ասել է Սաքունցը։