Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, որոնց միացել է նաև «Առաջ» կուսակցությունը, առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են միասնաբար՝ «Հայաստան» դաշինքով։
«Մեր առաջարկը արժանապատիվ կայունությունն է։ Մենք չենք գալիս պատերազմ բերելու, մենք գալիս ենք այն կանխելու»,- այս առնչությամբ հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» կուսակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց՝ իրենք առաջարկում են այլընտրանք՝ հիմնված երեք անկյունաքարերի վրա․
«Անվտանգ և մրցունակ պետություն. Հայաստանը պետք է լինի ոչ թե իրականության հետ հաշտվող, այլ իրականություն ստեղծող պետություն։
Ինքնության վրա հիմնված ազգային պետություն. որտեղ հայոց լեզուն, մշակույթը, ընտանիքն ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր գոյության հիմքերն են։ Մենք պետք է լինենք արդիական՝ պահպանելով մեր արմատները։
Համահայկականություն. Հայաստանը բոլոր հայերի պետությունն է։ Սփյուռքը մեր ռազմավարական ուժն է և պետականաշինության մասնակիցը»։
«Մեզ սպասվում է դժվար ընտրություն՝ ընտրություն թշնամական պահանջների ու մեր ազատության միջև»,- հավելեց Սաղաթելյանը։
«Կամ մենք, կամ նրանք։ Մենք ընտրում ենք Հայաստանը։
Ուժով, խաչով և Արարատով»,- ասաց նա:
Նշենք, որ «Հայաստան» դաշինքի նախընտրական կարգախոսն է լինելու՝ «Միասին կարող ենք»։










