Ձևավորվել է բուժաշխատողների «խուլ բողոք»։ Ինչու «խուլ», որովհետև փաստացի Առողջապահության նախարարությունը վարչական լծակներ կիրառելով՝ պարտադրում է բուժհաստատությունների տնօրեններին շանտաժի և տեռորի ենթարկել բուժաշխատողներին, եթե նրանք որևէ ձևով փորձեն ձայն բարձրացնել. Առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրության համակարգի խնդիրներին նվիրված խորհրդարանական քննարկման ժամանակ հայտարարեց «Բժշկի ձայն» նախաձեռնող խմբի անդամ, բժիշկ, առողջապահության ոլորտի կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը։
«Նույնիսկ մեկնաբանություն գրելու համար նույն բուժաշխատողին ազատել են աշխատանքից։ Այսօր առավոտ ստացածս վերջին բողոք-դիմումը վերաբերում է նրան, որ անզգայացման ոլորտում աշխատող անեսթեզիոլոգ բժիշկը, որը չափազանց կարևոր աշխատանք է կատարում, վճարվող գումարից ընդամենը 4,7 տոկոս է վարձատրվում»,-ասաց Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ նման խնդիրների պայմաններում ցավալի է, որ ԱԺ քննարկմանն Առողջապահության նախարարությունից որևէ ներկայացուցիչ չի ներկայացել։ Ավելին՝ չեն մասնակցել նաև իշխանական ՔՊ խմբակցության պատգամավորները։
«Ես գնահատում եմ, որ Առողջապահության նախարարը քաղաքական որոշման արդյունքում չի ներկայացել այստեղ, որպեսզի չառերեսվի առկա խնդիրներին։ Այսինքն՝ ԱՆ-ն քաղաքականացնում է բուժաշխատողների բարձրացրած՝ զուտ աշխատանքային պայմաններին առնչվող հարցերը։ Մենք չենք խոսում անձնավորված խնդիրների մասին, որևէ մեկին թիրախավորելով․ խոսում ենք ոլորտի համակարգային խնդիրներից, բայց փաստացի որպես պատասխան ստանում ենք քաղաքական դեմարշ», -ասաց նա։
Գևորգ Գրիգորյանի խոսքով՝ հիմնավոր չէր նաև այն պատճառաբանությունը, թե նախարարությունում սպասում են առաջին եռամսյակի ամփոփմանը և միայն հետո կմասնակցեն ԱԺ քննարկումներին։
«Երեկ կառավարության նիստում հայտարարվեց, որ կա գերծախս, և կառավարության պահուստային ֆոնդից 2,5 մլրդ դրամ են հատկացրել, որպեսզի կարողանան այդ ծախսերը հոգալ։ Այսինքն՝ բժշկական ծառայությունների համար ավելի շատ են վճարել, քան նախապես նախատեսված էր։ Այստեղ հարց է առաջանում՝ ում ձեռքերով է այդ գերծախսը ձևավորվել։ Իհարկե՝ բուժաշխատողների։ Նրանք են այդ ծանրաբեռնվածության տակ մտել, բայց, արի ու տես, պատշաճ չեն վարձատրվել։ Սա էքսպլուատացիա է։ Արտասահմանում դրան նույնիսկ թրաֆիքինգ են ասում, մնում է՝ անձնագրերը ձեռքներից վերցնեն», - ասաց նա։










