Անկախության հռչակագիրը կոնֆլիկտի հռչակագիր է. Փաշինյան


Անկախության հռչակագիրը կոնֆլիկտի հռչակագիր է. Փաշինյան
Մարտ 13 15:42 2026

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է խաղաղության և պատերազմի թեմային՝ նշելով, որ հանրությունը պետք է հստակ ընտրություն կատարի՝ շարունակե՞լ, թե՞ դադարեցնել Ղարաբաղյան շարժումը։

Նրա խոսքով՝ «խոսքն ունի արժեք և հետևանք, խոսքը գործողություն է կամ գործողության պլան», և «Արցախի Հանրապետություն» կամ «Արցախյան հիմնախնդիր» ձևակերպումների կիրառումը, ըստ էության, որոշակի զարգացումների է տանում։

«Չկա պարզապես որևէ տարբերակ, որ այդ արտահայտությունների հնչեցումն ինչ-որ պահի չբերի կոնֆլիկտի։ Ես չեմ ասում վաղը կամ երկուշաբթի, բայց մի պահի դա բերելու է կոնֆլիկտի»,-ասաց Փաշինյանը։

Նա նշեց, թե քաղաքական դաշտը, ըստ էության, բաժանվում է «խաղաղության կուսակցության» և «պատերազմի կուսակցության» միջև՝ ընդգծելով, որ «եթե շարունակում ենք Ղարաբաղի շարժումը, դա նշանակում է նոր պատերազմ, ուրիշ կերպ լինել չի կարող»։

Փաշինյանի խոսքով՝ ժողովուրդն առաջիկա ընտրություններով պետք է կատարի իր ընտրությունը․ «Ժողովուրդը պետք է ասի՝ շարունակո՞ւմ է Ղարաբաղի շարժումը, թե՞ չի շարունակում»։

Նա նաև ասաց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կողմ է նոր Սահմանադրության ընդունմանը՝ առանց Անկախության հռչակագրին հղման։

«Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը միակ ուժն է, որն ասում է՝ նոր Սահմանադրության մեջ պետք է Անկախության հռչակագրի հղում չլինի, ինչո՞ւ, որովհետև Անկախության հռչակագրի տեքստը, ինքը ոչ թե Անկախության հռչակագիր է, ինքը կոնֆլիկտի հռչակագիր է։ Ես հստակ ասում եմ որպես վարչապետ և կուսակցության վարչության նախագահ՝ մենք չպետք է շարունակենք այդ ճանապարհը»,-ասաց Փաշինյանը։