Առաջնագիծ այցելելու ընդդիմադիրների դիմումներին ամիսներով չեն պատասխանում․ Գեղամ Մանուկյան


Առաջնագիծ այցելելու ընդդիմադիրների դիմումներին ամիսներով չեն պատասխանում․ Գեղամ Մանուկյան
Դեկտեմբեր 8 16:48 2025

Օրեր առաջ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ասել էր՝ իշխանությունների հայտարարությունները, թե ընդդիմադիր պատգամավորները խուսափում են գնալ և ծանոթանալ ձեռք բերված սպառազինության նմուշներին, չեն համապատասխանում իրականությանը։

Պատգամավորն ասել էր, թե իշխանությունը, մասնավորապես՝ ՊՆ-ն, 6 ամիս շարունակ արգելել է իր մուտքն առաջնագիծ։

«Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանն էլ Aysor.am-ի հետ զրույցում ասաց, թե իշխանություններն առաջնագիծ այցելելու հարցով ընդդիմադիր պատգամավորների դիմումներն ամիսներով անպատասխան են թողնում։

Իսկ ինչ վերաբերում է ձեռք բերված սպառազինության նմուշներին ծանոթանալուն, Գեղամ Մանուկյանն արձագանքեց.

«Նիկոլ Փաշինյանի և իր շրջիկ կրկեսին մենք չենք ցանկանում մաս կազմել։ Այն, ինչի մասին իրենք հիմա մեծ-մեծ խոսում են, կառավարության կատարողականի ժամանակ, բյուջեի նախագծերի ժամանակ շատ մանրակրկիտ այդ բոլոր հարցերը քննարկում ենք, լավն էլ, վատն էլ, շատ վատն էլ։ Բայց դրա մասին, անվտանգության տեսանկյունից ելնելով, չենք բարձրաձայնում։ Թող իրենք բավարարվեն իրենց կրկեսով։ Եթե կընդառաջեն տեսնել դրանք Զինված ուժերում, որտեղ և ինչպես են օգտագործում, համապատասխան ստորաբաժանումներն ինչպես են կիրառման հետ կապված աշխատանքներ իրականացնում, այդ ժամանակ՝ աչքիս վրա»։

Նա ասաց, թե իրականացվող ինժեներական աշխատանքներն առաջին անգամը չէ, որ տեսել է։ 

«Տեսնելուց հետո էլ բազմաթիվ անգամներ դիտողություններ ու առաջարկներ ենք ներկայացրել։ Այդ իրենց համար է այս երկրի անվտանգությունն ու բանակը մանկապարտեզի խաղալիք։ Մեզ համար մեր երկիրն անվտանգության կարևորագույն տարրն է, որը, ցավոք, այս իշխանությունները չեն հասկանում ու գիտակցում։

Առաջնագիծ այցելելու հարցով պատգամավորների դիմումներն ամիսներով անպատասխան են թողնում»։