Նախկինում հայկական գրանցման երեք Airbus A320 օդանավերը հայտնվել են Իրանում


Նախկինում հայկական գրանցման երեք Airbus A320 օդանավերը հայտնվել են Իրանում
Դեկտեմբեր 4 19:06 2025

Վերջին մի քանի ամսվա բաց տվյալները ցույց են տալիս պարզ, բայց մտահոգիչ շղթա. հայկական գրանցմամբ երեք Airbus A320 օդանավերը օտարվել են շոտլանդական մի ընկերության, գրանցվել Կոմորյան կղզիների օդանավերի գրանցամատյանում՝ D6 ծածկագրով և հայտնվել են Իրանի օդանավակայաններում։ Խոսքը երեք կոնկրետ օդանավերի մասին է, որոնք նախկինում շահագործվում էին Atlantis European Airways ավիաընկերության կազմում, դրանք են • EK-32008 (MSN 229), • EK-32002 (MSN 726), • EK-32003 (MSN 260)։ Այս ինքնաթիռները երկար ժամանակ գտնվել են պահպանման մեջ, հետո դուրս են գրվել հայկական գրանցումից և հայտնվել են Կոմորյան Կղզիների գրանցամատյանում՝ D6-LAE, D6-LAL և D6-LEO նշումներով։ Կոմորյան կղզիների գրանցամատյանն ու Lion Alliance Europe LP Կոմորյան կղզիները փոքր կղզային պետություն է, որի օդանավային գրանցամատյանը վերջին տարիներին դարձել է միջազգային երկրորդական շուկայի և բարձր ռիսկային գործարքների պայմանական «միջանցիկ բակ»։ Այս երեք օդանավերը գրանցված են Lion Alliance Europe LP անվանումով շոտլանդական ընկերության հաշվեկշռում։ Վերջինս ունի ընդհանուր օգտագործման իրավաբանական հասցե, բաց աղբյուրներում գրեթե չերևացող իրական տնտեսական գործունեության հետագիծ։ Այսպիսի ընկերությունները բազմիցս հիշատակվել են քննիչ կազմակերպությունների զեկույցներում որպես սեփականության շղթան բարդացնելու և պատասխանատվությունը ցրելու գործիք։ Շարժի ժամանակագրություն՝ EVN–OHS–Իրան Ավիացիոն տեղաշարժի բաց բազաները և գրառումները թույլ են տալիս վերակառուցել օդանավերի շարժը։ 2025թ. օգոստոսի 2-ին MSN 726 և MSN 260 օդանավերը, արդեն D6-LAL և D6-LEO գրանցումներով, կատարում են թռիչք՝ Երևան- Սոհար (Օման, OHS) երթուղով։ Երկուսն էլ նշվում են որպես երկար պահպանման շրջանից դուրս բերված և պահպանման մեջ գտնվող օդանավեր՝ արդեն Սոհարի օդանավակայանում։ Հոկտեմբերի 1-ին MSN 229, D6-LAE գրանցմամբ օդանավը, նույնպես մեկնում է Երևան- Սոհար երթուղով։ Արդեն հաջորդ օրը՝ հոկտեմբերի 2-ին տարբեր աղբյուրներում ֆիքսված են Սոհար – Չաբահար (ZBR, Իրանի Իսլամական Հանրապետություն) – Թեհրան (THR) տեխնիկական (ferry) թռիչքներ երեք օդանավերի համար։ Հետագայում երեքն էլ նկարագրվում են որպես «պահպանման մեջ գտնվող օդանավեր» Իրանի օդանավակայաններում։ Այս պահին գրանցամատյաններում նոր իրանական գրանցումներ չեն երևում, սակայն շարժիշղթան և պահպանման վայրերը բավական հստակ են։ Պատժամիջոցային միջավայր ու ռիսկային կառուցվածք Իրանի վերաբերյալ գործող սահմանափակումները երկու հիմնական հարթության վրա են. • Եվրամիություն o Council Regulation (EU) No 267/2012 և դրա հետագա փոփոխությունները, o 2025 թ. սեպտեմբերին վերականգնված լայն հատվածային սահմանափակումներ։ • Միացյալ Նահանգներ o Export Administration Regulations (EAR), o OFAC–ի Iranian Transactions and Sanctions Regulations (ITSR)։ Airbus A320 տիպի օդանավերը, որպես եվրոպական արտադրանք, ունեն նաև նշանակալի ամերիկյան ծագմամբ բաղադրիչներ։ Սա նշանակում է, որ Իրանի ուղղությամբ վաճառքը կամ վերաարտահանումը առանց պատշաճ լիցենզիաների հայտնվում է ինչպես ԵՄ, այնպես էլ ԱՄՆ իրավունքի տեսանկյունից բարձր ռիսկի գոտի։ Քանի որ երեք օդանավերն էլ տեղափոխվել են դեպի Կոմորյան Կղզիների գրանցամատյան, գրանցվել են ոչ այնքան թափանցիկ շոտլանդական ընկերության վրա և կարճ ժամանակում անցել են դեպի Իրան, ամբողջությամբ համապատասխանում է այն օրինակներին, որոնք միջազգային փորձում գնահատվում են որպես պատժամիջոցների հնարավոր շրջանցման սխեմա։ Հայկական բաղադրիչը Հայկական կողմի դերը այս գործարքներում կարող է ունենալ մի քանի մակարդակ, օրինակ նախկին շահագործողի կամ սեփականատիրոջ պատասխանատվության տիրույթ, ապագրանցման գործընթացում ներգրավված պետական մարմիններ, հնարավոր բրոքերներ, տեխնիկական մենեջերներ կամ խորհրդատուներ։ Այս պահին բաց աղբյուրները չեն տալիս պատասխան, թե ո՞վ է գործարքի իրավատերը, ո՞ր սուբյեկտն է ստորագրել վաճառքի կամ փոխանցման պայմանագրերը Lion Alliance Europe LP–ի հետ, ինչպիսի՞ հայտարարագրեր կամ երաշխիքներ են տրվել վերջնական օգտագործողի մասին։ Սակայն հարցադրումները պարզ են և անխուսափելի. Ո՞վ է եղել երեք MSN–ների իրավաբանական վաճառողը կամ փոխանցողը, և ո՞ր երկրի իրավական կարգավորման համակարգում են կնքվել պայմանագրերը։ Ի՞նչ ծավալի sanctions due diligence է իրականացվել Lion Alliance Europe LP–ի և նրա շահառուների նկատմամբ։ Արդյո՞ք պահանջվել և փաստաթղթավորվել են համապատասխան երաշխիքներ այն մասին, որ վերջնական օգտագործողը Իրանը կամ այլ բարձր ռիսկային իրավազորություն չէ։ Բաց աղբյուրների համադրությունը թույլ է տալիս փաստել մի հանգամանք. Երեք կոնկրետ Airbus A320, որոնք երկար տարիներ գրանցված էին Հայաստանում և շահագործվում էին Atlantis European Airways–ի կազմում, վաճառվել են շոտլանդական Lion Alliance Europe LP ընկերությանը և ինստիտուցիոնալ առումով թույլ և ոչ թափանցիկ Կոմորյան կղզիների օդանավերի ռեեստրում նշվելուց հետո փաստացի հայտնվել են Իրանի քաղաքացիական ավիացիայի տիրույթում՝ բարձր պատժամիջոցային ռեժիմի պայմաններում։ Մնացածն արդեն ոչ թե փաստերի շարադրանքի, այլ որոշումների հարց է. կընդունվի՞ այս շղթան որպես վերավաճառքի տեխնիկական դեպք, թե կդասվի այն գործարքների շարքին, որոնք պետք է ստանան իրավական լրացուցիչ գնահատական։