Տեղեկությունների համաձայն՝ այս կիրակի Նիկոլ Փաշինյանը պատարագի կմասնակցի Շիրակի մարզում։ Պատարագը մատուցվելու է Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցում։ Չնայած ՔՊ-ականները ցանկացել են, որ պատարագը մատուցի Տեր Ռուբենը, սակայն այդ օրը պատարագ մատուցելու հերթը Տեր Վարուժան ավագա քահանա Տերտերյանինն է։
Aysor.am-ի հետ զրույցում երեկ Տեր Վարուժանը հայտարարել էր՝ բացառվում է, որ կզեղչի Ամենայն հայոց կաթողիկոսի անունը։
Վեհափառի անունը զեղչելու համար ասել են Տեր Ռուբենին, նրան է մոտեցել «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության ակտիվիստ Կարեն Պետրոսյանն ու ասել այդ մասին, Տեր Ռուբենը, սակայն, հրաժարվել է՝ ինչքան էլ որ երկրպագում է Նիկոլ Փաշինյանին։
Երեկ ԱԱԾ աշխատակիցներն այցելել են եկեղեցի, Տեր Վարուժանն այնտեղ չի եղել, Տեր Ռուբենն է միայն ներկա եղել։
«Ինձ մարդ չի հանդիպել, խոսել են Տեր Ռուբենի հետ, ես եկեղեցում չեմ եղել»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց Տեր Վարուժանը։
Տեր Հայրը կրկին պնդեց՝ բացառված է, որ զեղչի Վեհափառի անունը։
«Հայրապետը կա, մենք կանք, անկարելի բան է զեղչել Վեհափառի անունը»,- ասաց Տեր Վարուժանը։
Տեր Ռուբենն Aysor.am-ի հետ զրույցում նշեց, որ ԱԱԾ աշխատակիցները իրեն որևէ բան չեն հրահանգել։
«Իրենց ծառայությունն են անում, եթե վարչապետը մի տեղ է գնում, նախօրոք գնում են, անվտանգություն են ապահովում, ամեն ինչ նորմալ է, դեռ հաստատ չգիտեն էլ՝ գալո՞ւ է, թե՞ չէ, ինքն է որոշողը, ասում է՝ թագավորին չեն հարցնում՝ ուր պետք է գնա, ինչ անի, թագավորն է հրամանը տալիս»,- նշեց Տեր Ռուբենը։
Հետաքրքրվեցինք՝ այսինքն Նիկոլ Փաշինյանին թագավո՞ր է համարու՞մ՝ Տեր Ռուբենն արձագանքեց. «Բա ի՞նչ է, առաջին դեմքն է»։
Իսկ նորմա՞լ է, որ կալանավորել են Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին՝ Տեր Ռուբենն ասաց, թե Միքայել Սրբազանը սխալներ ու բացթողումներ է ունեցել։
«Հո՞ չեն բռնում հենց այնպես տանում, մյուս Սրբազաններին բա ինչո՞ւ չեն բռնում, տանում։ Էլի ինքը մնում է մեր Սրբազանը, աղոթում ենք իր համար, աղոթել ենք, էլի կաղոթենք, մարդ են էլի, մի քիչ ավել են խոսում, մենք բոլորս էլ սխալվում ենք։ Հասկանալի է՝ Սրբազանը ցավագին է տարել Արցախի կորուստը, դե, երկար տարիներ այնտեղ առաջնորդ է եղել, մի քիչ էմիոցիոնալ է արտահայտվել, բայց հո ինքը թշնամի՞ չէ մեր պետությանը, բայց եթե որոշել են ձերբակալել, դա պետության գործն է, մենք ի՞նչ գործ ունենք խառնվելու»,- ասաց Տեր Ռուբենը։
Չնայած այս ամենին, միևնույն է, Տեր Ռուբենը պնդում է՝ ինչքան էլ հորդորեն իրեն՝ չի զեղչի Վեհափառի ու իր թեմի առաջնորդի անունը։
«Կարո՞ղ է ես վարչապետի ենթական եմ, ես քահանա եմ, Հայրապետը մնում է Հայրապետ, լավն է, վատն է, բողոքում են, ինչ են անում... հա, մենք էլ կուզեինք սուրբ լիներ, բայց հիմա սա է, ի վերջո, գործող Հայրապետ է։ Ես չեմ շարժվում մարդկայինով, ես շարժվում եմ Աստծո խոսքով ու սուրբ եկեղեցու պատգամներով»,- ընդգծեց Տեր Ռուբենը։
Տեր Ռուբենը հաստատեց, որ իր որդին Պետական պահպանության ծառայության աշխատող է եղել։
«Բայց ժամանակին, վաղուց արդեն դուրս է եկել»,- հավելեց Տեր Հայրը։










