«Թող ձեր աշխատանքը կոնֆլիկտի մեջ չլինի ձեր խղճի հետ»․ Մխիթարյանը շնորհավորել է մամուլի ազատության օրը


«Թող ձեր աշխատանքը կոնֆլիկտի մեջ չլինի ձեր խղճի հետ»․ Մխիթարյանը շնորհավորել է մամուլի ազատության օրը
Մայիս 3 14:40 2025

Գյումրու ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության անդամ Ռուբեն Մխիթարյանը շնորհավորել է մամուլի ազատության օրվա կապակցությամբ։

 

«Այսօր Մամուլի ազատության օրն է:

 

Մամուլի տեխնիկական էվոլյուցիան վերջին 100 տարիներին մեր աչքի առաջ է. տպագրից ռադիո, հեռուստատեսությունից համացանց ու բլոգոսֆերա: Իսկ մամուլի բարոյական էվոլյուցիայի բանալի բառը ազատություն բառն է: Այ հենց այստեղ է ամենակարևոր ջրբաժանը:

 

Իրականում ազա՞տ է տվյալ լրատվամիջոցը, թե՞ ոչ, ամենալավը գիտեն այդ լրատվամիջոցի աշխատակիցները: Եւ, վստահ եմ, որ հիմա բոլոր լրագրողներն ու իրենց խմբագիրները հասկանում են, թե ինչի մասին է խոսքը:

 

Վերջին տարիներին մամուլում աշխատելը ենթադրում է, որ տվյալ անձը պետք է լինի նաև խղճի մարտիկ:

 

Սիրելի՛ լրագրողներ, խմբագիրներ, օպերատորներ, հնչյունային ռեժիսորներ, ռեժիսորներ, մոնտաժողներ, սրբագրողներ, հաղորդավարներ, ցանկանում եմ, որ ձեր ազատությունը լինի անսահման, և որ միշտ ձեզ առաջնորդի անաչառությունը:

 

Թող երբեք ձեր արած աշխատանքը կոնֆլիկտի մեջ չլինի ձեր խղճի ու համոզմունքների հետ:

 

Շնորհավոր ձեր մասնագիտական տոնը», - գրել է նա: