Հայաստանի ԱԳ նախարարությունը ներկայացրել է շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները և ընթացակարգերը պարզաբանող խորհրդատվական տեսանյութ, որի նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածությունը, բարելավել ՀՀ քաղաքացիների կողմից դեսպանություններ ներկայացվող դիմումները և դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին՝ այդպիսով նվազեցնելով վիզայի դիմումների մերժման հավանականությունը։
ԵՄ անդամ պետությունների կողմից սահմանված կանոններին և պահանջներին համապատասխան դիմումների ներկայացումը շատ կարևոր է ոչ միայն քաղաքացիների ճամփորդական ծրագրերի իրագործման համար, այլև վիզայի դիմումների մերժման տարեկան ցածր ցուցանիշ ապահովելու համար, որը կարևոր նախադրյալ է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման երկխոսությունն առաջ մղելու համատեքստում։
«Հետևաբար, ճիշտ կազմված, ժամանակին ներկայացված և լավ հիմնավորված դիմումը բարձրացնում է Շենգենյան վիզա ստանալու հավանականությունը և դրական է ազդում վիզաների ազատականացման ընդհանուր գործընթացի վրա։
Շենգենյան վիզա ստանալու համար սահմանված հիմնական կանոնների վերաբերյալ մանրամասն ուղեցույցը (PDF ձևաչափով) հասանելի է հետևյալ հղումով»,-նշում են ԱԳՆ-ից։










