Մարդիկ հարկադիր պարապուրդի են ենթարկվել: Մեր սեփականատերը բազմաթիվ աշխատատեղեր է ստեղծում, իսկ այսօր պետությունը հարկադրաբար մարդկանց զրկում է իրենց աշխատատեղերից։ Այս մասին բողոքի ակցիայի ժամանակ ասել է Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես»-ի աշխատակիցը:
«Մեր աշխատակազմում կան նաև Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներ, իրենք հիմնականում աշխատում են մեր սեփականատիրոջ ստեղծած աշխատավայրերում և մեծամասնությունն ավելի շատ վարձով բնակվողներ են, որոնք ունեն օրվա տան վարձը տալու, ունեն օրվա հացի, ապրուստի խնդիր, ունեն վարկեր: Ոչ ոք դրա մասին չի մտածում, հարկադրաբար այդ մարդկանց զրկել են իրենց ապրուստի միջոցից»,-նշել է նա։
Հարցին՝ աշխատակիցը տեղյա՞կ է, թե ինչ գործով է անցնում Գագիկ Ծառուկյանը, նա պատասխանել է.
«Հետևում ենք մեր սեփականատիրոջ հետ կապված բոլոր գործընթացներին և շատ անհանգստացած ենք: Հոգով-սրտով իր հետ ենք, բայց ոչ մի քաղաքական գործընթացի արդյունքում հասարակ քաղաքացին չպետք է տուժի, հասարակ քաղաքացին չպետք է զրկվի իր օրվա ապրուստի միջոցից։
Այն, ինչ հիմա կատարվում է, հասարակ տրամաբանությունից զուրկ է, որևէ մեկը չի կարողանում հասկանալ՝ ինչու պետք է քաղաքականությունից դրդված հասարակ քաղաքացին տուժի։ Մեր հաճախորդները բազմաթիվ գումարներ են ներդրել ակումբի անդամ դառնալու համար, անընդհատ ահազանգում են, անհանգստանում են իրենց ներդրումների համար, մենք չգիտենք՝ ինչ պատասխանենք իրենց»,-մանրամասնել է «Մուլտի Վելնես»-ի աշխատակիցը:
Տեղեկացնենք, որ այս պահին բողոքի ակցիաներ են ընթանում «Մուլտի գրուպ» կոնցեռնի մի շարք ընկերություններում:










