Ոսկեպար գետում մահացած տղան նոր էր վերադարձել բանակից, նա Կողբից է


Ոսկեպար գետում մահացած տղան նոր էր վերադարձել բանակից, նա Կողբից է
Հուլիս 11 21:56 2026

Օրեր առաջ ողբերգական դեպքի հետևանքով զոհված 21-ամյա երիտասարդը նոր էր վերադարձել բանակից։ Հիշեցնենք, որ հուլիսի 9-ի երեկոյան Գառնիկ Ղ-ն թռել էր գետը, գլուխը հարվածել գետի մեջ եղած քարին։ Ստացած վնասվածը նրա մահվան պատճառ է դարձել։

Գառնիկը Կողբից է։ Կողբի 2-րդ դպրոցի ֆեյսբուքյան էջում ցավակցական խոսք է հրապարակվել.

«Կան կորուստներ, որոնց առաջ բառերը խոնարհվում են, իսկ միտքը հրաժարվում է հավատալ կատարվածին…

Ասում են՝ ջուրը կյանք է, բայց այսօր ջուրը դարձավ անողոք մի դահիճ։ Անհավատալի գույժը ցնցեց ողջ գյուղը և կանգնեցրեց ժամանակը։ Ընդամենը երեք տարի առաջ մեր լուսավոր ու ազնվափայլ շրջանավարտը՝ Գառնիկը, թևերը պարզած, դուրս թռավ դպրոցի պատերից, զինվորագրվեց հայրենիքին ու հիմա պատրասվում էր բարձունքներ նվաճել, բայց անիծյալ բարձունքն ու ջրի անդունդը դարձան նրա կյանքի վերջին ողբերգական հանգրվանը։ Մի ակնթարթում ընդհատվեցին անավարտ կյանքի բոլոր երազանքները։

Անհավանական է, անփարատելի…

Ծանրագույն այս պահին դպրոցի ողջ անձնակազմը ծնկում է Գառնիկի ողբերգության ցավի, ծնողների անսփոփելի վշտի առաջ և ասում ՝ ձեր և մեր լուսե տղայի հիշատակը հավերժ կապրի դպրոցի պատերի ներսում և մեր սրտերում։

Երկնային անդորր քեզ, Գառնի՛կ ջան, մեր հավերժ լուռ ու անժամանակ թռած հրեշտակ»։