ԱԺ-ում այսօր տեղի են ունեցել «Քաղաքական հալածանքները և ժողովրդավարության հետընթացը Հայաստանում» թեմայով խորհրդարանական լսումներ, քննարկման առանցքում են եղել Հայաստանում ժողովրդավարության հետընթացը՝ քաղաքական հետապնդումները, մարդու իրավունքների սահմանափակումները։
Aysor.am-ի հետ զրուցում «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանն ընդգծում է՝ լսումների ընթացքում հնչել են նաև գործնական առաջարկներ, որոնց իրագործումը կարևոր է, որպեսզի քննարկումները չվերածվեն հերթական ձևական միջոցառման։
«Օրինակ՝ Ավետիք Չալաբյանն առաջարկեց հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ,որն ուղղված կլինի կալանքի կիրառման պայմանների հստակեցմանը և խափանման այս միջոցի նկատմամբ դատական վերահսկողության ուժեղացմանը։ Ես բարձր եմ գնահատում բոլոր առաջարկները՝ դրանք իրականացնելու հնարավորության տեսանկյունից, հատկապես, երբ լսումների ամբողջ ընթացքում նման սպասում կար մասնագետների, արտախորհրդարանական տարբեր կազմակերպությունների և քաղաքական ուժերի ներկայացուցիչների կողմից։ Ամբիոնից հնչեց համատեղ, կոնկրետ, գործնական քայլեր անելու այդ սպասումը։
Հույս ունեմ, որ առաջարկները նաև գրավոր կփոխանցվեն ընդդիմադիր պատգամավորներին, որպեսզի նրանք իրենց օրենսդրական հնարավորությունների սահմաններում հասկանալ՝ արդյոք կարո՞ղ են իրականացնել այդ առաջարկները, թե՞ ոչ։
Ամեն դեպքում, ինչպես ասում են, երկաթը պետք է տաք-տաք ծեծել, այսօրվա լսումներից հետո չպիտի շատ ժամանակ անցնի, այլապես սա ևս դառնալու է հերթական խորհրդարանական ամբիոնը, որտեղ պարզապես մարդիկ եկան, ինչ-որ մտքեր ու մտահոգություններ հնչեցրին, գնացին տուն, բայց գործնական քայլեր չկան»։
Կոստանյանը հույս է հայտնում, որ խորհրդարանական ընդդիմության և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների աշխատանքի արդյունքում որոշակի փոփոխություններ կարող են լինել։
Ինչ վերաբերում է Սահմանադրության փոփոխության դեմ պայքարին, ապա, ըստ նրա, «ՀայաՔվե»-ն ընդդիմադիր ուժերի համախմբման գործում իր դերակատարությունն ունի։
«Մենք մասնակցում ենք հանդիպումներին, հետևում ենք գործընթացներին, սակայն, իմ գնահատմամբ, իրազեկման ակցիաները բավարար չեն մեր քաղաքացիներին տեղեկացնելու համար, թե ինչ վտանգավոր փոփոխություններ կարող են բերել այս իշխանության պլանավորած սահմանադրական փոփոխությունները։
Կարծում եմ՝ իրազեկումից բացի, այս խնդրին համալիր լուծումներ են անհրաժեշտ։
«ՀայաՔվե»-ն, որպես քաղաքացիական նախաձեռնություն, ցանկացած քաղաքական իրադարձության ակտիվ մասնակցություն կունենա, մենք ևս պահում ենք Սահմանադրության փոփոխության շուրջ ստեղծված օրակարգը, փորձում մեր ուժերի ներածին չափով մասնակցել»։
Աննա Կոստանյանը փողոցային պայքարն անխուսափելի է համարում.
«Փողոցով եկած իշխանությունը փողոցով էլ պետք է հեռանա։ Փողոցային պայքարը՝ որպես գործիքակազմ, ամրագրված է նաև Սահմանադրությամբ՝ մարդու իրավունքների, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների բողոքն արտահայտելու իրավունքի տեսանկյունից։
Այնպես որ, անհրաժեշտ են համալիր լուծումներ»։










