«Հայաստանի իշխանություններին տրված է քարտ բլանշ. արա՛, ինչ ուզում ես, մենք աչք ենք փակելու Հայաստանի ժողովրդավարացման խայտառակ գործընթացի՝ ժողովրդավարացման կորստի գործընթացի վրա և պահելու ենք իշխանությունն այնքան, ինչքան որ դու պատրաստ ես լինելու գործիք։ Այստեղ է գաղտնիքը», - ԱԺ-ում ելույթի ժամանակ նշեց Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Արամ Մանուկյանը։
Վերջինս զուգահեռներ անցկացրեց տարածաշրջանային և պատմական իրադարձությունների միջև՝ ընդգծելով, որ Հայաստանին փորձում են ներքաշել մեծ տերությունների բախման մեջ։
«Փաշինյանը համաձայնվել է այն դերին, որին ժամանակին համաձայնեց լինել Սահակաշվիլին, հետո՝ Զելենսկին։ Ուրիշ տեղ մի փնտրեք լուծում, ուրիշ տեղ մի փնտրեք մեղավոր, սա է խնդիրը։ Կալասը այսօր Նիկոլից Զելենսկի է փչում, Զելենսկի է պատրաստում՝ 2-րդ ճակատ բացելու համար։ Մոտավորապես նույնանման կարգավիճակ եղել է 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ. հարավից բացել 2-րդ ռազմական ճակատը՝ ընդդեմ Իրանի և Ռուսաստանի, և եթե Ստալինգրադն ընկնում էր, 2-րդ ճակատը բացվելու էր։ Մենք նմանատիպ իրավիճակում ենք»,-ասաց քաղաքական գործիչը։
Մանուկյանը հավելեց, որ ներքաղաքական դաշտում բարձրացվող մյուս թեմաները՝ ինքնիշխանության մասին հայտարարությունները, եկեղեցու կամ հռչակագրի շուրջ վեճերը, ընդամենը շեղող օրակարգեր են։
«Ինքնիշխանություն. սրանց ասած բառերը փուչ են։ Կաթողիկոսի պրոբլեմը, հռչակագրի հակապետական լինելը... խնդիրն այստեղ չէ ամենևին։ Խնդիրը լրիվ ուրիշ տեղ է. Հայաստանին փորձում են տալ ուրիշ առաքելություն, ուրիշ միջազգային ֆունկցիա, և մենք գնում ենք դրան։ Վանոն ասում էր, որ մեծ ազգերի կռվադաշտում փոքր ազգերը անելիք չունեն, իսկ մենք չենք համաձայնում այս դրույթին, ուզում ենք քիթներս խոթել»,-նշեց ՀՀ առաջին նախագահի թիմակիցը։
Անդրադառնալով ընդդիմության միավորմանն ու նրանց հասցեին հնչող «ռուսամետ» լինելու մեղադրանքներին՝ բանախոսը հարկ համարեց հիշեցնել ՀԱԿ-ի անցած եվրոպական ուղին.«Այդ փսլնքոտներ, դուք ո՞ւր էիք, որ մենք ժողովրդավարության կղզի էինք։ Ո՞ւր էիք, որ մենք եվրոպական ընտանիքի անդամ էինք։ 2010 թվականից եվրոպական լիբերալների ընտանիքի լիիրավ անդամ դարձանք։ Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները հրաշալի էին, Եվրոպայի հետ՝ հրաշալի և երբեք ոչ գործիքային։ Դուք դեռ շալվար չէիք հագնում, մայկա-բուլավկով էիք, հիմա եկել եք, մեզ դաս եք տալիս և սովորեցնում եք՝ ո՞րն է ռուսամետը, ո՞րն է եվրոպամետը»։
Ելույթի ավարտին Մանուկյանն անդրադարձավ ՀՅԴ-ի և այլ ընդդիմադիր ուժերի հետ համագործակցության անհրաժեշտությանը՝ նշելով, որ գաղափարական խորը տարաձայնությունները մնում են ուժի մեջ, սակայն պետականության փրկությունը վեր է ամեն ինչից։
«Պատկերացրեք՝ ինչքան է վիճակը վատ, որ Գեղամ Մանուկյանն ինձ է ցիտում եթերում, ես Գեղամ Մանուկյանին եմ գովերգում։ Հայաստանում կան երկու լուրջ հակադիր ուժեր՝ սկզբունքային, իրար համար անընդունելի. երբեք չեմ ընդունելու Դաշնակցության գաղափարները, երբեք իրենք մեզ չեն ընդունելու։ Բայց վիճակն այնպիսին է, որ Հայ ազգային կոնգրեսը, Դաշնակցությունը և մնացածները իրար ձեռք են բռնում, որովհետև իսկապես վիճակը վիճակ չէ։ Մեր սկզբունքները մենք երբեք չենք դնելու մի կողմ. Աստված տա բարի ժամանակներ, այնպես հավեսով քննադատենք, ինչպես միշտ քննադատել ենք։ Բայց այսօր կա մի լուրջ խնդիր՝ միավորվել արժեքները փրկելու՝ ոչ թե իշխանության մանդատ կամ լծակներ, այլ Հայաստանի պետականությունը, ժողովրդավարությունը փրկելու համար։ Կարծում եմ և համոզված եմ, որ մեր նոր կայացող դաշնությունը գոնե հնարավորություն կունենա փրկել Հայաստանը գործիք դառնալուց»,-ասաց նա։










