Դուբլինի միջազգային և եվրոպական հարցերի ինստիտուտում (IIEA) քննարկման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականությանը, ինչպես նաև Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցության իր տեսլականին։
Պատասխանելով մոդերատորի հարցին, թե արդյո՞ք Հայաստանը փոխում է իր արտաքին քաղաքական վեկտորը, Փաշինյանը նշել է, որ Երևանը չի ձգտում հեռանալ մի գործընկերոջից՝ մյուսի հետ մերձենալու համար։
«Հայաստանը այնտեղ է, որտեղ եղել է և կա․ Հայաստանը լինելու է այդտեղ, իր տեղում... Մենք չենք ուզում հեռանալ որևէ գործընկերոջից և ավելի մոտ լինել այլ գործընկերների․ ընդամենը իրականացնում ենք, իրագործում ենք մեր հավասարակշռված և հավասարակշռող արտաքին քաղաքականությունը»,- ընդգծել է վարչապետը։
Նա այս համատեքստում անդրադարձել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծին՝ նշելով, որ դրա իրագործման արդյունքում ոչ միայն Հայաստանը, այլև ամբողջ Հարավային Կովկասը կարող է վերածվել խաղաղության և տրանսպորտային հաղորդակցությունների խաչմերուկի։
Քննարկման ավարտին Փաշինյանին հարց է ուղղվել, թե ինչպիսին է պատկերացնում Հայաստանը 20 տարի անց։ Վարչապետը պատասխանել է, որ այդ ժամանակ Հայաստանը տեսնում է Եվրոպական միության կազմում։
«Հայաստանը ես տեսնում եմ Եվրոպական միության կազմում»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։










