UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը, որը ժամեր առաջ ամերիկացի Դիլոն Դենիսի հետ դիմակայությունում նվաճել էր RAF (Real American Freestyle) կազմակերպության միջին քաշային կարգի Crossover չեմպիոնական տիտղոսը, ամփոփել է կայացած գոտեմարտը, ինչպես նաև կիսվել պրոֆեսիոնալ ըմբշամարտի լիգայում իր հետագա ծրագրերով։
«Ես ուզում էի դառնալ չեմպիոն, դա համար մեկ նպատակն էր, և կարևոր չէ, թե ում դեմ եմ նվաճել տիտղոսը։ Նա լավագույն ըմբիշը չէ, ում հետ ես գոտեմարտել եմ այս կազմակերպությունում, բայց նա շատ հետևորդներ ունի և մեծ ուշադրություն է գրավում։ Այնպես որ, ես ուրախ եմ, որ դարձա RAF-ի չեմպիոն, և կպահպանեմ այս տիտղոսն այնքան երկար, որքան դա հնարավոր կլինի»,- Լաս Վեգասում կայացած RAF 14 մրցաշարի ետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ նշել է հայ մարտիկը։
Ծառուկյանը նաև հասկացրել է, որ իրեն այլևս չի հետաքրքրում օլիմպիական չեմպիոն Ջորդան Բարոուզի դեմ գոտեմարտը։ Վերջինս կայացած մրցաշարի շրջանակում սենսացիոն պարտություն էր կրել ուսանողական ըմբշամարտի ներկայացուցիչ Մայքլ Կալիենդոյից։
«Ջորդան Բարոուզն ինձ այլևս չի հետաքրքրում։ Եթե օլիմպիական չեմպիոնը պարտվում է նորեկի, նրա հետ գոտեմարտելն այլևս որևէ հետաքրքրություն չի ներկայացնում։ Նա ինձ հետաքրքիր էր, երբ RAF-ի առաջին համարն էր։ Հիմա ինձ ուրիշ մեկն է պետք»,- պարզաբանել է հայ մարտիկը։
Ծառուկյանի խոսքով՝ ինքը մեծ հաճույքով ըմբշամարտի գորգ դուրս կգար խառը մենամարտերի (MMA) լեգենդ Ժորժ Սեն-Պիերի դեմ, եթե լիգային հաջողվի պայմանագիր կնքել կանադացի մարտիկի հետ։










