«Նիկոլ Փաշինյանը հաղթում է միայն այնտեղ, որտեղ քաղաքացիների մասնակցությունը ցածր է։ Նա ընդդիմադիրներին չեզոքացրել է ու ՏԻՄ ընտրություններում մնացել մեն-մենակ»,-այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան»-ի թիմի անդամ, «Արմատ Մեդիա»-ի գլխավոր խմբագիր Աղավնի Սուքիասյանը՝ անդրադառնալով հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ Ստեփանավանում իրականացրած ձերբակալություններին, դրանց նախորդած զարգացումներին։
Ա. Սուքիասյանի խոսքով՝ իշխանությունները դիմում են ճնշումների և չեզոքացնում են ընդդիմադիր գործիչներին, որովհետև գիտակցում են՝ բարձր մասնակցության դեպքում ՔՊ-ի հաղթելու շանսերը հավասարվում են զրոյի։«Ես կոչ եմ անում ստեփանավանցիներին չվախենալ բեմադրված շոուներից ու կալանավորումներից: Գնացեք ընտրությունների և ի հեճուկս ՔՊ-ի ու Նիկոլ Փաշինյանի՝ ապահովեք բարձր մասնակցություն: Երբ մասնակցությունը մեծ լինի, ՔՊ-ի հաղթելու շանսերը կտրուկ կնվազեն»,-նշեց նա:
Որպես քաղաքական հետապնդումների վառ օրինակ՝ Սուքիասյանը մատնանշեց Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածու Արսեն Գևորգյանի կալանավորումը։Ըստ նրա՝ վերջինս կալանավորվել է միայն այն բանի համար, որ ունի ՔՊ-ի հետ չհամաձայնեցված քաղաքական կուրս․ «19 համայնքներում ընթացող ընտրություններում ընդդիմության սակավ մասնակցությունը ոչ թե «ժողովրդավարության» ցուցանիշ է, այլ համատարած ռեպրեսիաների տխուր հետևանք»։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ ընտրախախտումների մասին անձամբ իրեն գրելու կոչերին՝ «Արմատ Մեդիա»-ի խմբագիրը դա որակեց բռնապետության ակնհայտ դրսևորում.
«Նիկոլ Փաշինյանը տապալել է իշխանությունների տարանջատման սկզբունքը: Նա որոշել է, որ Հայաստանում դատավորն էլ է ինքը, ԲԴԽ ղեկավարն էլ, Մարդու իրավունքների պաշտպանն էլ: Իրավապահ համակարգը պետք է լռի՞ կամ սպասի, թե Փաշինյանն իր էլեկտրոնային փոստին ինչ նամակ է ստանալու, որ նո՞ր գործի անցնի»:
Խոսելով սահմանադրական փոփոխությունների և հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին՝ Աղավնի Սուքիասյանը շեշտեց, որ «Ուժեղ Հայաստան»-ը կտրուկ դեմ է Ադրբեջանի պահանջով Սահմանադրության փոփոխությանը։
««Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն արդեն հայտարարել է՝ այո՛, ընդդիմությունը պատրաստ է արտահերթ ընտրությունների: Բայց հարցն այն է՝ ԵԽԽՎ կոշտ զեկույցից հետո, որն արձանագրել էր 2026թ․ ընտրությունների խայտառակ խախտումները, փաշինյանական իշխանությունը դասեր կքաղի՞, թե՞ էլի գնալու է նույն ապօրինի գործելաոճով»,- նշեց Սուքիասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։










