«Մայիսի վերջին Աստանայում նախատեսվում է ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների նիստը, որի ընթացքում, ըստ ՌԴ փոխվարչապետ Օվերչուկի, քննարկվելու է նաև Հայաստանի կարգավիճակի հարցը»,-գրում է քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը.
«Կարող է սկսվել մի գործընթաց, որի գինը Հայաստանի համար ճակատագրական է լինելու։
ԵԱՏՄ-ից դուրս գալը Հայաստանի համար ոչ «արժեքային ընտրություն» է, ոչ էլ հերթական աշխարհաքաղաքական «կռուտիտը» («մանևր» բառը թերևս տեղին չէ)։ Դա սեփական ոտքին կրակել է։ Ընդ որում՝ միաժամանակ երկուսին էլ։ Իսկ որոշ սցենարների դեպքում՝ նաև սեփական գլխին։
Վերջին տասնամյակում հայկական տնտեսությունը զարգացել է հենց եվրասիական տնտեսական համակարգի շրջանակում։ ԵԱՏՄ-ին անդամակցելու պահից Հայաստանի ՀՆԱ-ն աճել է ավելի քան 2,5 անգամ՝ մոտ 10 մլրդ ԱՄՆ դոլարից հասնելով 26 մլրդ-ի։ Հայաստանը ստացել է մուտք ընդհանուր շուկա, ապրանքների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի համակարգ։ Դրան հավելվել են արտոնյալ էներգետիկ պայմանները, առանց որոնց հայկական տնտեսությունն իր ներկա կառուցվածքով պարզապես չի կարող գոյատևել առանց խորքային ցնցումների։
Բավական է համեմատել գազի գները․ Ռուսաստանը Հայաստանին գազ է մատակարարում 177,5 ԱՄՆ դոլարով՝ 1000 խմ-ի դիմաց (կալորիականության գործակիցը հաշվի առնելով), մինչդեռ Եվրոպայում գինը գերազանցում է 600 ԱՄՆ դոլարը։
Ադրբեջանը ֆիզիկապես ի վիճակի չէ բավարարել հայկական պահանջարկը։ Էլ չեմ խոսում դրա անվտագային վտանգների մասին:
Իրանը կարող է, սակայն բացառապես Մոսկվայի հետ սինքրոնիզացնելով սեփական որոշումները: Վերջիվերջո, Իրան-Հայաստան գազատարը Ռուսաստանի սեփականություն է։ Բացի այդ, դժվար է պատկերացնել, որ Երևանում «դիվերսիֆիկացիա» ասելով նկատի ունեն հենց իրանական ուղղությունը։
Այսպիսով, նման սցենարի դեպքում գազի գների կտրուկ աճը դառնում է անխուսափելի։
Եվ այստեղ առաջանում է պարզ հարց․ ո՞վ է փոխհատուցելու այդ տարբերությունը։ Եվրոպացի պաշտոնյանե՞րը։ Դրամաշնորհային հիմնադրամնե՞րը։ Թե՞ կրկին՝ հայ սպառողն ու հայկական բիզնեսը։
Միևնույն ժամանակ «եվրոպական հեռանկարի» մասին խոսակցություններն արդեն ուղեկցվում են Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառության անկմամբ։ 2025 թ.-ին՝ մինուս 45%։
Մինչդեռ ռուսաստանյան ուղղությունը Հայաստանի համար ոչ միայն արտահանման շուրջ մեկ քառորդն է, այլև արդյունաբերական կոոպերացիա, դրամական փոխանցումներ, լոգիստիկ շղթաներ, աշխատաշուկա և երկրի տնտեսական կայունության զգալի հատված։
Խնդրի էությունը նրանում է, որ Հայաստանի իշխանությունները փորձում են գեոէկոնոմիկան փոխարինել քաղաքական ռոմանտիզմով։ Բայց տնտեսությունը լոզունգներով չի ապրում։ Աշխարհագրությունը հայտարարություններով չի փոխվում (թեև հայտարարվում է, որ Հայաստանը փոխել է իր աշխարհագրական դիրքը)։
Հայաստանը, ցավոք, ո՛չ ավելցուկային ռեսուրսներ ունեցող պետություն է, ո՛չ էլ ինքնաբավ տնտեսություն, որը կարող է առանց սուր ցավի խզել իր հիմնական տնտեսական կապերը։
Տարածաշրջանային տուրբուլենտության պայմաններում ԵԱՏՄ-ից դուրս գալը կգործակցի շղթայական ռեակցիա՝ սակագների աճ, արտահանման կրճատում, արդյունաբերության անկում, միգրացիայի ուժեղացում և սոցիալական լարվածության խորացում։
Եվ, իհարկե, անխուսափելիորեն՝ քաղաքական ճգնաժամ։ Իրական ճգնաժամ:
Սակայն Երևանում վաղուց արդեն ռազմավարական պլանավորմամբ չեն զբաղվում։ Երկիրը կառավարվում է «ձեռքի ռեժիմով»։ Իսկ այդ կառավարման գլխավոր սկզբունքը դարձել է պահի աղմկային էֆեկտը»։










