2018 թվականին շինարարական ծախսերը կազմել են շուրջ 17 մլրդ 718 մլն դրամ, իսկ արդեն 2025 թվականին Պաշտպանության նախարարության շինարարական ծախսերը կազմել են 57 մլրդ 702 մլն 154 հազար դրամ: Այս մասին հայտարարել է ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը։
«Կարծում եմ, սա էական փոփոխություն է և չի կարող չանդրադառնալ մեր սահմանների պաշտպանունակության վրա»,- նշել է նա։
Նրա խոսքով՝ բանակը շոշափելի ձեռք բերումներ ունի օրինապահության և կանոնադրային հարաբերությունների ամրապնդման գործում․ «Զինվորական իրավապահ մարմինների և զորամասերի հրամանատարության համագործակցված աշխատանքի շնորհիվ զորքերում առանձնապես ծանր հանցագործությունների թիվը նվազել է։ 2025 թվականին բանակում ծառայության հետ կապված հանգամանքներում սպանության ոչ մի դեպք չի արձանագրվել։
Ադրբեջանի զինված ուժերի կրակոցի հետևանքով ոչ մի զինծառայող չի վիրավորվել կամ զոհվել, ինչը հաստատված խաղաղության ամենախոսունն է։ Սա թերևս ոչ միայն բանակի պատմության աննախադեպ ձեռքբերում է, այլև Հայաստանի Հանրապետության պատմության մեջ կարևոր իրադարձություն»։
Նա նշեց, որ այնուամենայնիվ, կանոնադրային հարաբերությունների և միջանձնային բարքերի բարելավման նպատակով իրենք այս տարին հայտարարել են քրեական ենթամշակույթի դեմ պայքարի տարի․ «Եվ մեր ջանքերն ուղղելու ենք բանակում բիրտ, արատավոր և քրեածին բարքերը բացառելու, կանոնադրային հարաբերությունները օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքն ու պատժի անխուսափելիության գաղափարն ամրապնդելու, նպատակի իրագործմանը»։
Անդրադառնալով սպառազինությանը՝ Պապիկյանն ասել է․
«2022 թվականից ի վեր մենք հետևողական զարկ ենք տվել նաև տեղական ռազմաարդյունաբերության զարգացմանը։ 2022 թվականին պայմանագրերի ծավալը կազմել է 5.5 միլիարդ դրամ, իսկ 2025 թվականի դրությամբ այն հասել է շուրջ 170 միլիարդ դրամի»։
Նա շեշտել է, որ առաջիկայում քննարկվում է նաև ևս 150 միլիարդ դրամի նոր պայմանագրեր կնքելու հարցը, որ առաջիկայում կներկայացվի հաստատման․ «Այսօր մեր զինուժի սպառազինությունը համալրվում է տեղական արտադրության այնպիսի զենքերով, որոնք բացառապես հայկական մտքի և տեխնոլոգիական ներուժի արգասիք են։
2025 թվականն արդյունավետ էր նաև ռազմաքաղաքական համագործակցության ոլորտում։ Ընդլայնվել են միջազգային կապերը, խորացել է համագործակցությունը գործընկեր պետությունների հետ, նպաստելով Հայաստանի շուրջ անվտանգության միջավայրի կայունացմանը»։
Սուրեն Պապիկյանը խոսել է նաև զինվորական համազգեստի փոփոխության մասին․ «Այն խորհրդանշում է բանակի նոր դիմագիծը, նոր չափանիշները ու նոր որակը՝ արտահայտելով մեր ռազմավարական տեսլականն ու զարգացման ուղին։ Այսինքն՝ մարմնավորում է մեր ձգտումները և մեր անցնելիք ճանապարհը։ 2026 թվականը կառավարության հնգամյա ծրագրի եզրափակիչ տարին է, այս տարիների ընթացքում մեր նպատակը եղել է և մնում է հստակ․ ունենալ ժամանակակից, պրոֆեսիոնալ, կարգապահ և պաշտպանունակ բանակ․ մեր տեսլականն է ունենալ բանակ, որտեղ զինծառայությունը ոչ թե պարտադրանք է, այլ գիտակցված ընտրություն, որտեղ զինծառայողը պաշտպանված է իրավական, սոցիալական և բարոյական հարթություններում, որտեղ ծառայությունն արժևորվում է հասարակության կողմից, իսկ զինվորական համազգեստ կրողը վստահ է պետության աջակցությանը։ Մենք ձգտում ենք ունենալ զինված ուժեր, որը ոչ միայն արդյունավետորեն կատարում է իր պաշտպանական առաքելությունը, այլև քայլում ժամանակի պահանջներին համընթաց, բաց է նորարարությունների առաջ և մշտապես կատարելագործվում է հանուն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և անվտանգության։ Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 34-րդ տարադարձի կապակցությամբ մաղթում եմ բեղուն ու արդյունավետ աշխատանք, նվիրված ծառայություն հանուն մեր պետության և մեր բանակի։ Սեր, բարեկեցություն և խաղաղություն բոլորիս ընտանիքներին, փառք նահատակներին և կեցցե Հայաստանի Հանրապետությունը»։










