Մենք պետք է ունենանք ուժեղ և պաշտպանունակ բանшկ, որովհետև ցանկացած երկիր, ով չունի ուժեղ և պաշտպանունակ բանшկ, գայթակղություն է բոլորի համար․ Նիկոլ Փաշինյան


Մենք պետք է ունենանք ուժեղ և պաշտպանունակ բանшկ, որովհետև ցանկացած երկիր, ով չունի ուժեղ և պաշտպանունակ բանшկ, գայթակղություն է բոլորի համար․ Նիկոլ Փաշինյան
Հունվար 28 20:51 2026

Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի առիթով վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանության նախարարություն և մասնակցել հանդիսավոր նիստին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդես են ելույթներով:

 

Վարչապետը նշել է, որ ԶՈւ-ի շարակարգերից մեկը երկարաժամկետ կանխատեսելիությունն է, որը պետք է լրջորեն գնահատել: Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը հենց սրա համար է և սրա մասին է. «Մենք ասում ենք՝ Հայաստանի Հանրապետությունը 29 743 քառակուսի կիլոմետր տարածք է, և այդ տարածքը պետություն է, որի խնդիրն իր քաղաքացիների անվտանգությունը և բարեկեցությունն ապահովելն է իր միջազգայնորեն ճանաչված տարածքում»։

Եվ անվտանգության ամենակարևոր շարակարգը, ըստ երկրի ղեկավարի՝ խաղաղությունն է. «Չկա ավելի հուսալի երաշխիք, քան խաղաղությունը։ Եվ մենք այսօր դժվար, ծանր որոշումներով կառուցում ենք խաղաղություն։ Խաղաղության ճանապարհը հեշտ չի լինելու, բայց մենք պետք է շարունակենք այդ ճանապարհը: Եվ նաև այստեղ կարևոր է բանակի և Զինված ուժերի շատ սկզբունքային դիրքորոշումը, որ ինքը կենտրոնացած է իր աշխատանքի վրա: Սա շատ կարևոր բան է, որովհետև անկախ խաղաղությունից, անկախ՝ ինչպիսի, ինչքան հուսալի կլինի խաղաղությունը, մենք պետք է ունենանք ուժեղ և պաշտպանունակ բանակ, որովհետև ցանկացած երկիր, ով չունի ուժեղ և պաշտպանունակ բանակ, ինքը գայթակղություն է բոլորի համար: Եվ հետևաբար՝ Հայաստանի Հանրապետության առաջնային օրակարգում միշտ պետք է լինի ուժեղ և պաշտպանունակ բանակի գոյությունը, բանակի շարունակական զարգացումը՝ այն սկզբունքների շրջանակներում և հիման վրա, որոնք ես նշեցի»։

 

Ամփոփելով խոսքը՝ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ ևս շնորհավորել է ԶՈւ–երի 34-րդ տարեդարձի առիթով և շնորհակալություն հայտնել բոլորին՝ կատարած ահռելի աշխատանքի համար. «Ուզում եմ իմ գոհունակությունն արտահայտել այն իրավիճակով, որը մենք ունենք այսօր Հայաստանի Հանրապետության բանակում, ոչ թե այն պատճառով, որ մենք հասել ենք մեր ուզած կետին, այլ այն պատճառով, որ միանշանակ և աներկբա գնում ենք ճիշտ ճանապարհով: Վերջին տարիներին, շատ ուղղություններով, պետք է ուղիղ ասել, պարզապես անհնարինն է արվել, անհնարը դարձել է իրականություն, և սա չափազանց կարևոր ձեռքբերում է»։

Նիկոլ Փաշինյանը Բանակի օրվա առիթով, հայրենիքի անվտանգության և պաշտպանության գործում ներդրած ավանդի համար ՀՀ ՊՆ մի խումբ զինծառայողների հանձնել է պարգևներ։