Հասարակությունը չի հավատում հակակոռուպցիոն քաղաքականությանը․ Արսեն Բաբայանը՝ AntiCor-ի աշխատաժողովում (Տեսանյութ)


Հասարակությունը չի հավատում հակակոռուպցիոն քաղաքականությանը․ Արսեն Բաբայանը՝ AntiCor-ի աշխատաժողովում (Տեսանյութ)
Հունվար 28 16:15 2026

AntiCor-ը ոչ թե լրատվամիջոց է, այլ լրատվամիջոցներին գործընկեր և աջակցող փորձագիտական խումբ, AntiCor հակակոռուպցիոն հարթակի աշխատաժողովին ասաց փաստաբան Արսեն Բաբայանը։

Նա ներկայացրեց կոռուպցիայի դեմ պայքարի չորս հիմնարար խնդիրները, որոնք արձանագրել են իրականացված հետազոտությունների ընթացքում։

«Կոռուպցիայի դեմ պայքարում ընդհանրապես չկա առաջընթաց՝ ի հակադրություն բարձրագոչ հայտարարությունների։

Հայաստանի կոռուպցիայի ընկալման ցուցանիշը տարիներ շարունակ չի փոխվում՝ ըստ Transparency International-ի հրապարակումների։ Այդ ցուցանիշը վկայում է լճացման, ոչ թե բարեփոխումների մասին։

Քաղաքական խոսքը՝ թե պայքար է մղվում կոռուպցիայի դեմ, չի արձանագրում իրական, չափելի արդյունք։ Հասարակությունը չի հավատում հակակոռուպցիոն քաղաքականությանը»,- ասաց Բաբայանը։

Խոսելով ընտրողական արդարադատության և անձեռնմխելի բարձրաստիճան պաշտոնյաների մասին՝ Արսեն Բաբայանն ասաց, թե քրեական վարույթները հիմնականում ուղղված են քաղաքական ընդդիմախոսների դեմ։

«Իշխանությանը մոտ կանգնած անձանց գործերը կամ չեն քննվում, կամ կարճվում են, կամ ձգձգվում անորոշ ժամկետով։ Եզրակացնում ենք, որ օրենքը չի գործում հավասար բոլորի համար»,- նշեց նա։

Չորրորդ խնդիրը, ըստ նրա, քաղաքական կոռուպցիայի բաց դաշտն է՝ 2026 թվականի ընտրություններից առաջ։

«Կուսակցությունների ֆինանսները ընտրական շրջանում փակ են վերահսկողությունից, չեն սահմանափակվում երրորդ անձանց ներգրավմամբ կատարվող ծախսերը, վարչական ռեսուրսի չարաշահումը մնում է անպատիժ, իսկ դիտորդական առաքելությունների գործունեությունը կարող է չարամիտ կերպով սահմանափակվել»,- ասաց Արսեն Բաբայանը։

Նա ընդգծեց, որ սա ուղիղ սպառնալիք է ազատ և արդար ընտրությունների համար։

Խոսելով AntiCor-ի ապագա ծրագրերի մասին՝ Արսեն Բաբայանն ասաց, որ դրանք բավական շատ են։
«Ծրագրերի մեջ ընդգրկվում են հասարակության  շրջանում հանրային քարոզչական լայն աշխատանքներ, թե ինչ է կոռուպցիան և ինպես պետք է դրա դեմ պայքար մղվի։ Նախատեսում ենք երիտասարդության ակտիվ ներգրավում, որոնց համար կիրականացվեն ամենատարբեր դասընթացներ»։