ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները փչացրել է Նիկոլ Փաշինյանը. Սեյրան Օհանյան


ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները փչացրել է Նիկոլ Փաշինյանը. Սեյրան Օհանյան
Հունվար 28 12:11 2026

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի գնահատմամբ՝ հայկական բանակը մեր պետության հզորության առանցքն է։

 

Օհանյանը չի կարդացել Նիկոլ Փաշինյանի այսօրվա ուղերձը, որովհետև չի կարծում, թե ամբողջությամբ արտահայտում է այսօրվա իրականությունը։

 

«Հայկական բանակը մինչև 2018 թվականն իր առջև դրված խնդիրը կատարել է։ Այսօր, եթե բանակում որոշակի ձեռքբերումներ կան, որոշակի փոփոխություններ են իրականացվում, դա էր պակաս, որ այս ողբերգություններից, այս անհաջողություններից հետո քայլեր չձեռնարկեին բանակի մարտունակությունը վերականգնելու ուղղությամբ»,- նշեց նա։

 

Սեյրան Օհանյանն ասաց՝ այո՛, իրենք էլ բազմաթիվ սխալներ են ունեցել, բայց աշխատել ու ուղղել են։

 

Պաշտպանության նախկին նախարարը նշեց, որ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները փչացրեց Նիկոլ Փաշինյանը, երբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին ձերբակալեց։

 

Ինչ վերաբերում է Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությանը՝ Օհանյանն ասաց, որ դա հայ ազգի խայտառակությունն է։

 

«Նա տարիներով ձեռք բերված բանակցային փորձը, ներուժն ու Արցախի համար մղվող պայքարը զրոյացրեց՝ ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախը ներառյալ»,- նշեց նա։