Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի տեղեկություններով` Արցախում 2 հայ է մնացել, Միշա Գրիգորյանը և ևս 1 կին։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում Գեղամ Ստեփանյանը հայտնել է, որ Միշան Արցախից Հայաստան եկած հայերի խմբի մեջ է եղել, սակայն ճանապարհի կեսից հետ է վերադարձել, իսկ այդ կնոջը չեն էլ բերել։ Նրա փոխանցմամբ` այս օրերին շփվել է Հայաստան եկած 10 հայերից որոշների հարազատների հետ։
«Նրանցից ոչ մեկը չգիտեր՝ ո՞ւր են տանում։ Առավոտյան ասել են՝ նստեք մեքենաները։ Միայն Հակարիի կամրջի մոտ են հասկացել, որ Հայաստան են գալիս».- ասաց. Գ. Ստեփանյանը։Մարդու իրավունքների պաշտպանի խոսքով՝ վերջին 3-4 ամիսներին հայերն Արցախում դժոխային պայմաններում են ապրել:
«Որոշների մոտ խոշտանգման հետքեր կան, որոշների մոտ էլ հյուծվածություն կա։ Ժամանակ է պետք, որ կազդուրվեն։ Մանավանդ՝ մեծամասնությունը հոգեկան խնդիրներ ունեն։ Սեպտեմբերից բոլորին տեղափոխել էին Ստեփանակերտի «Դղյակ» հյուրանոց և փաստացի գերության մեջ պահել։ Հաստատ դեռ մի քանի ամիս առաջ նրանցից ազատվելու որոշում կար»,- ասաց Գ. Ստեփանյանը։
Նրա կարծիքով`Կարեն Ավանեսյանի դեպքից հետո են հայերի հետ սկսել դաժան վարվել, երբ, ըստ ադրբեջանական աղբյուրների, վերջինս զինված գործողություններ է փորձել իրականացնել Ստեփանակերտում։
Արցախի ՄԻՊ-ի տեղեկացմամբ` Արցախից Հայաստան տեղափոխված հայերն այժմ գտնվում են Աղվերանում։
Հիշեցնենք, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հունվարի 23-ին տեղեկացրել է, որ Արցախում մնացած 10 հայեր և ազգությամբ ռուս մեկ ՀՀ քաղաքացի տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն։ Պաշտոնական Երեւանի պնդմամբ` հայերն են դիմել ՀՀ տեղափոխվելու խնդրանքով, սակայն պարզվում է, որ իրականում չեն էլ իմացել, թե ուր են իրենց տանում ադրբեջանցիները:










