ՀՀ կառավարությունը մայիսի 4-ը կհայտարարի ոչ աշխատանքային


ՀՀ կառավարությունը մայիսի 4-ը կհայտարարի ոչ աշխատանքային
Հունվար 27 15:50 2026

Կառավարության հունվարի 29-ի նիստի օրակարգում ընդգրկված է «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» որոշման նախագիծ։

նախագծի հիմնավորման մեջ ասվում է.«Ակտիվորեն ներգրավված լինելով Եվրոպական քաղաքական համայնքում (ԵՔՀ) և կարևոր դեր խաղալով տարածաշրջանային անվտանգության և համագործակցության հարցերում՝ Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովը: Հաշվի առնելով միջոցառման կարևորությունն ու Հայաստանի համար աննախադեպ մասնակցության մակարդակը (նախատեսվում է մոտ 50 բարձրաստիճան պատվիրակության` երկրի կամ կառույցի ղեկավարի մակարդակով)՝ Երևան քաղաքի տրանսպորտի երթևեկությունն արդյունավետ կազմակերպելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել մայիսի 4-ի աշխատանքային օրը տեղափոխել:

Նախագիծը բխում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածից:

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումն այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ չի պահանջում, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չի առաջացնում»:

Նախագիծը պատրաստվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից: