Ամեն մարդ իր խղճի առջև է պատասխան տալիս. Կարեն Սարգսյան


Ամեն մարդ իր խղճի առջև է պատասխան տալիս. Կարեն Սարգսյան
Հունվար 27 13:33 2026

«Ես բազմիցս ասել եմ, խոսել եմ, Բակո Սահակյանին ու Արկադի Ղուկասյանին տեսել եմ իմ՝ Արցախից դուրս գալու օրը, հետո իմացա, որ գերեվերվել են։ Այստեղ որևէ գաղտնիք չկա, որի մասին չի խոսվել»,-«Եռաբլուր»-ում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ՆԳ վերջին նախարար Կարեն Սարգսյանը՝ անդրադառնալով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների գերեվարման հանգամանքներին։

Անդրադառնալով ԵԽԽՎ բանաձևում գերիների վերադարձի մասին հիշատակմանը, Արցախի նախկին պաշտոնյան ասաց՝ ինքն էլ համայն աշխարհին կոչ է անում քայլեր ձեռնարկել Բաքվում պահվող գերիների ազատ արձակման ուղղությամբ։

Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում այն, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցելածները կանգ չեն առել «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ, որի տեղադրման նախաձեռնողն ինքն է, իսկ հովանավորը Վանեցյան ընտանիքը, Կարեն Սարգսյանն ասաց.

«Ամեն մարդ իր խղճի առջև է պատասխան տալիս։ Այս հուշակոթողը նույնպես մեր զոհերի հիշատակի համար է կառուցվել, մեր սրբավայրերից է։ 90-ական թվականներից բազմաթիվ հայորդիներ իրեն կյանք են տվել հանուն Արցախի, հանուն Հայաստանի»։