Իրենց խնդիրն է, այսօր գնահատականներ տալու օր չէ. Վանեցյանը՝ իշխանությունների կողմից «Արցախի կանչ» հուշակոթողին ծաղիկներ չխոնարհելու մասին


Իրենց խնդիրն է, այսօր գնահատականներ տալու օր չէ. Վանեցյանը՝ իշխանությունների կողմից «Արցախի կանչ» հուշակոթողին ծաղիկներ չխոնարհելու մասին
Հունվար 27 12:37 2026

ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն այսօր ևս այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի համար զոհված նահատակների հիշատակին։

 

Ի պատասխան լրագրողի հարցին, թե, ըստ նրա՝ ինչո՞ւ ՀՀ ղեկավարությունը չմոտեցավ և ծաղիկներ չխոնարհեց նաև 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին կանգնեցված «Արցախի կանչ» հուշակոթողի մոտ, Վանեցյանը պատասխանեց. «Չեմ նկատել նման բան, դա իրենց խնդիրն է, երևի բարդույթներ ունեն»։

 

Հիշեցնենք, որ հուշակոթողը կանգնեցվել է Արթուր Վանեցյանի նախաձեռնությամբ և աջակցությամբ։

 

Կարևորելով հիշատակի օրը, Վանեցյանը նշեց. «Այսօր կարևոր օր է, կուզեի, որ նման օր ընդհանրապես չլիներ մեր պատմության մեջ, բայց այսօր բոլորս պետք է ոգեկոչենք մեր անմահացած հերոսներին, խոնարհվենք նրանց ծնողների, երեխաների, կանանց, եղբայրների ու քույրերի առաջ։ Նրանք իրենց ամենաթանկը տվել են հայրենիքին, որպեսզի մենք կարողանանք ապրել ու գոյատևել։ Խոնարհումս բոլոր նահատակված հերոսներին»։

 

Նա նաև նշեց, որ չէր ցանկանա այս օրը գնահատական տալ իշխանությունների արարքներին․

 

«Պետք է այնպես անենք, որ «Եռաբլուր»-ում և, առհասարակ, Հայաստանում նոր զոհեր չլինեն և մենք կարողանանք ապրել, գոյատևել ու զարգանալ խաղաղ և անվտանգ հայրենիքում»։