ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանն ընդդիմադիր դաշտի համախմբման վերաբերյալ առաջարկներ էր ներկայացրել։ Այս փուլում քաղաքական ուժերից արձագանքներ դեռ չկան։
Aysor.am-ի հետ զրույցում Աղազարյանն ասաց, որ իր առաջարկությունը հիմնված է 1996 թվականի փորձի վրա, երբ Դաշնակցությունը նախաձեռնել էր համախմբման գործընթաց, և ինքը դրան ակտիվ մասնակցություն է ունեցել։
«Այդ ժամանակ Վազգեն Մանուկյանի շուրջ համախմբվեցին մյուս թեկնածուները՝ Պարույր Հայրիկյանը, Արամ Սարգսյանը, Լենսեր Աղալովյանը, և իրենց թեկնածությունը հանեցին նրա օգտին։ Այդ հայտարարությունը արվեց ընտրություններից ընդամենը 12 օր առաջ»,-հիշեցրեց նա։
Աղազարյանի խոսքով՝ հաշվի առնելով ինչպես այդ փորձը, այնպես էլ ներկա իրողությունները՝ հատկապես ընդդիմադիր ուժերի միջև առկա խոր հակասությունները, առաջարկվել է «քաղաքական ճակատի» գաղափարը.
«Այսօր կան ընդդիմադիր քաղաքական ուժեր ու անհատներ, որոնց միջև հակասությունները երբեմն ավելի խորն են, քան նրանց հակասությունները Նիկոլ Փաշինյանի կամ ՔՊ-ի հետ։ Բայց մի հարցի շուրջ այդ բևեռները համախմբվում են՝ բոլորը համարում են, որ իշխանություններն ամեն ինչ անում են վերարտադրվելու համար։ Հետևաբար, պետք է միավորում լինի հենց այդ խնդրի շուրջ՝ թույլ չտալու իշխանությունների վերարտադրությունը»։
Անդրադառնալով ընդդիմադիր դաշտում շրջանառվող այլ մոտեցումներին՝ Աղազարյանն ասաց, որ այս պահին քննարկվում է երկու տարբերակ.
«Մեկն Էդմոն Մարուքյանի առաջարկած տարբերակն է՝ ընդդիմությունը հանդես գա մեկ բևեռով։ Ես դրան այդքան էլ լավ չեմ վերաբերվում։ Մյուսը Դաշնակցությունն է առաջարկում՝ մոտավորապես Գյումրու տարբերակն է, երբ բևեռները առանձին են գնում ընտրության, իսկ հետո խորհրդարանում միավորվում։ Դա էլ, իմ կարծիքով, չաշխատող տարբերակ է»։
Ինչ վերաբերում է իր առաջարկին ընդդիմադիր ուժերի արձագանքներին՝ Աղազարյանը նշեց, որ այս պահին արձագանքներ դեռ չկան։
«Ըստ էության, պետք էլ չէ, որ այդքան շտապ լինի։ Երբ առաջիկայում այդ բևեռները ձևավորվեն, այդ ժամանակ մեր առաջարկությունը կդառնա օրակարգային»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հովիկ Աղազարյանը հանդես էր եկել ընդդիմադիր դաշտի համախմբման առաջարկով՝ ներկայացնելով 2026 թվականի ԱԺ ընտրություններին մասնակցելու «քաղաքական ճակատի» ձևաչափ։ Ըստ առաջարկի՝ ճակատը պետք է հանդես գա միասնական օրակարգով՝ նպատակ ունենալով Սահմանադրության շրջանակում թույլ չտալ Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը և ընտրություններից հետո ձևավորել ժամանակավոր հավասարակշռված կառավարություն։










