ՀԱՊԿ անդամ երկրները պետք է ցույց տան մեր հարևանին, որ անեքսիան անընդունելի է. Նարեկ Կարապետյան


ՀԱՊԿ անդամ երկրները պետք է ցույց տան մեր հարևանին, որ անեքսիան անընդունելի է. Նարեկ Կարապետյան
Հունվար 24 12:01 2026

«Փետրվարի 12-ին տեղի կունենա «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարը, կներկայացնենք մեր տեսլականը, վարչապետի թեկնածուին»,-ասաց «Մեր Ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում՝ պատասխանելով դիտարկմանը՝ օրենքն արգելում է, որ Սամվել Կարապետյանը լինի Հայաստանի վաչապետ։

 

Կարապետյանն առաջարկեց Ղազարյանին ևս մեկ հանդիպում ունենալ փետրվարի 12-ից հետո, ինչից հետո կտա շատ հարցերի պատասխաններ։

 

Ղազարյանի այն հարցին, թե Սամվել Կարապետյանի բիզնեսները, կապիտալը գտնվում են Ռուսաստանում, նա կարո՞ղ է Ռուսաստանից անկախ քաղաքականություն վարել, Կարապետյանը հիշեցրեց, որ Սամվել Կարապետյանը Հայաստանի թիվ մեկ խոշոր ներդրողն է, բացի այդ նա ներդրումներ ունի Հունաստանում, ԱՄԷ-ում, ԵԱՏՄ տարածքում։

 

«Սամվել Կարապետյանի հայրենիքը Հայաստանն է, հայրենիքի շահերը նրա համար առաջնային են։ Եկեք մի օրինակ նայեք, Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի՝ Ռուսաստանում գտնվող գործարանները գործում էին նաև այն ժամանակ, երբ իր երկիրը հակասությունների մեջ էր Ռուսաստանի հետ։ «Ռոշեն»-ի գործարանները Պորոշենկոյի սեփականություն էին, եթե չեմ սխալվում, նաև հիմա»,-ասաց Ն. Կարապետյանը։

 

Նա ընդգծեց, եթե անգամ խնդիրներ ստեղծվեն բիզնեսի համար, ապա Ս. Կարապետյանը ցույց է տվել, որ տնտեսական շահույթն իր համար ավելի կարևոր չէ, քան իր համոզմունքները։

 

«Անցած տարվա հունիսին մենք տեսանք, թե ինչպես եկեղեցու պաշտպանության համար նա դեմ ելավ գործող իշխանությանը, ինչին հաջորդեցին ՀԷՑ-ի հայտնի դեպքերը»,-ասաց Նարեկ Կարապետյանը։

 

Ղազարյանը հարցրեց նաև ընտրություններում հաղթելու դեպքում ՀԱՊԿ-ի անդամակցության ապասառեցման հնարավորության մասին։ Ի պատասխան Կարապետյանը նշեց.

 

«Ջերմուկի դեպքերից հետո Հայաստանի հասարակության մոտ կան կասկածներ ու հարցեր ՀԱՊԿ-ի առաքելության հետ կապված։ Կարծում եմ, որ Հայաստանի նոր առաջնորդը, որը պետք է լինի ավելի ուժեղ, պետք է վերահաստատի մեր հարաբերությունները տարածաշրջանի դաշնակիցների հետ, բայց նաև լուծի հայ ժողովրդի համար կարևոր հարց, որը բաց է մնացել։ Բանակցությունների արդյունքում ՀԱՊԿ անդամ երկրները պետք է ցույց տան մեր հարևանին, որ անեքսիան, այն էլ ՀԱՊԿ անդամ երկրի անեքսիան անընդունելի է։ Միայն այդ դեպքում հայ հասարակությունը կընդունի ՀԱՊԿ-ին՝ որպես դաշնակից։ Մենք տեսնում ենք, որ դիվանագիտությամբ այս խնդիրը հնարավոր է լուծել, նրանք պետք է ջանքեր, եթե կուզեք ասեմ, ճնշում գործադրեն, որպեսզի ազատվեն հայկական սուվերեն տարածքները։ Ուժեղ ղեկավարը կհասնի նրան, որ գործադրվեն այդ ջանքերը»։