Գևորգ Հարությունյանի և Նարեկ Օհանյանի խափանման միջոց կալանքը երկարաձգվեց երեք ամսով։
Նշենք, որ այսօր Երևանի քրեական դատարանում տեղի ունեցավ Փարաքարի համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանի ու նրա ոստիկան ընկերոջ Կարեն Աբրահամյանի սպանության գործով առաջին դատական նիստը։
Տուժող կողմից Փարաքարի սպանված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի հայրը ելույթ ունեցավ՝ մտահոգություն հայտնելով, որ գործընթացը շատ արագ է կատարվել, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն չի կատարվել և, ըստ նրա, իրավական որակումները սխալ են տրվել։
Քրեական գործը դատարան ստացվել է հունվարի 12-ին։ Նույն օրը 28 փաթեթ իրեղեն ապացույցի հետ այն հանձնվել է Երևանի քրեական դատարանի դատավոր Մուշեղ Արամյանին։
Գործով անցնում է երկու մեղադրյալ։ Նարեկ Օհանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանցագործության միջոցները կամ գործիքները, հանցագործության հետքերը նախապես խոստացված պարտակելու եղանակով օժանդակել է իր համագյուղացի և ընկեր Գևորգ Հարությունյանին՝ 2025 թվականի սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23:43-ին, Վալոդյա Գրիգորյանին և Կարեն Աբրահամյանին վրեժի շարժառիթով ապօրինաբար կյանքից զրկելուն՝ սպանելուն, իսկ Արծրուն Գալստյանի նկատմամբ սպանության փորձ կատարելուն՝ պայմանավորված իր հարազատ եղբոր՝ Գրիգոր Սոսի Օհանյանի, 2025թ. փետրվարի 5-ին Մերձավանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ սպանության հանգամանքով:
Գևորգ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Նարեկ Օհանյանի կողմից հանցագործության միջոցները կամ գործիքները, հանցագործության հետքերը նախապես խոստացված պարտակելու եղանակով օժանդակությամբ, վրեժի շարժառիթով դեռևս չպարզված հանգամանքներում և ժամանակահատվածում ապօրինի կերպով ձեռք է բերել և պահել ԱԿ-74 տեսակի ինքնաձիգ՝ ռազմամթերք հանդիսացող 5.45 մմ տրամաչափի առնվազն 28 փամփուշտներով, որից Վալոդյա Լևոնի Գրիգորյանին, Արծրուն Անուշավանի Գալստյանին և Կարեն Նորիկի Աբրահամյանին վրեժի շրժառիթով կյանքից զրկելու` սպանելու դիտավորությամբ, 2025 թվականի սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23:43-ին, կրակոցներ է արձակել վերջիններիս ուղղությամբ՝ սպանելով Վալոդյա Գրիգորյանին, Կարեն Աբրահամյանին և փորձել է սպանել Արծրուն Գալստյանին:










