Ոսկետափ բնակավայրի պաշտոնական էջով այսօր մի հայտարարություն է տարածվել, որով դատապարտել են, որ համայնքի եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Արտաշես քահանա Հակոբյանը չի միացել եկեղեցու դեմ արշավին ու թեմի առաջնորդ է համարում Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ նշանակված առաջնորդական տեղապահ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանին։
Մինչ բնակավայրի էջով նշել են, թե, իբր, եկեղեցու հավատավոր մի խումբ բնակիչներ նույնպես իրենց վրդովմունքն են արտահայտում Տեր Արտաշեսի հայտարարության առնչությամբ, Տեր Հայրն Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ այս օրերին տարբեր մարդիկ եկել ու իրենց աջակցությունն են հայտնել։
Մասյացոտնի թեմի քահանաների նկատմամբ ճնշումները շարունակվում են, տարբեր անձանց միջոցով փորձում են սպառնալ քահանաներին, որ միանան թեմի նախկին առաջնորդ Գևորգ Սարոյանին։
Տեր Արտաշեսն ընդգծեց՝ հոգևորականաց դասը որևէ խոչընդոտից չի վախենում։
«Եթե պետք է՝ պատրաստ ենք անգամ նահատակության մեր եկեղեցու ու մեր համայնքների համար»,- նշեց Ոսկետափի եկեղեցու հոգևոր հովիվը։
Ինչ վերաբերում է հայտարարությունում հիշատակված Գորոյան ընտանիքին՝ Տեր Արտաշեսն ասաց, որ եկեղեցին կառուցել է Գորոյան ընտանիքը, եկեղեցու բարերարներն իրենք են, բայց մինչև այսօր որևէ խնդիր չեն ունեցել այդ ընտանիքի հետ։
Ի դեպ, նկատենք, որ բնակավայրի պաշտոնական էջով ուխտ բառը գրել էին «ղ»-ով, ապա՝ ուղղել։
Հիշեցնենք՝ հետապնդումներ են սկսվել Մասյացոտնի թեմի քահանաների նկատմամբ։ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը տարբեր միջոցներով փորձում է սպառնալ այն քահանաներին, ովքեր չեն միացել հակաեկեղեցական արշավին ու իրենց առաջնորդ են ընդունում Տեր Ռուբեն Վարդապետ Զարգարյանին, ում Վեհափառ Հայրապետը նշանակել է թեմի առաջնորդական տեղապահ։
Գևորգ Սարոյանին սպասարկող Մասյացոտնի թեմի նախկին էջով հայտարարել էին, որ Տեր Արտաշեսը միանում է հակաեկեղեցական արշավին, ավելի ուշ, սակայն, Տեր Հայրն ասել էր, որ հայտարարությունը «հետևանք էր արտաքին ազդեցությամբ մոլորության, իրականությունը ճիշտ չգնահատելու և հոգեկան լարվածության»։
Տեր Արտաշեսը հանդես էր եկել զղջման խոսքով ու նշել, որ սպառնալիքների ներքո է ասել, որ միանում է եկեղեցուն դեմ դուրս եկած տիրադավներին։











