«Սխալվել կարող են բոլորը». Հռիփսիմե Հունանյանը որոշել է ինքնաբացարկ հայտնել առաջիկա ընտրություններում ՔՊ համամասնական ցուցակում ընդգրկվելուց


«Սխալվել կարող են բոլորը». Հռիփսիմե Հունանյանը որոշել է ինքնաբացարկ հայտնել առաջիկա ընտրություններում ՔՊ համամասնական ցուցակում ընդգրկվելուց
Հունվար 21 11:32 2026

ՔՊ-ական պատգամավոր Հռիփսիմե Հունանյանը որոշել է հրաժարականի դիմում ներկայացնել ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։

«Վերջին շրջանում Ազգային ժողովում հնչեցրած իմ որոշ մտքեր քննադատության արժանացան մեր մի շարք քաղաքացիների կողմից:

Նախ, թույլ տվեք ներողություն խնդրել իմ այն ձևակերպումների համար, որոնք այս կամ այն կերպ առաջացրել են մեր սիրելի քաղաքացիների զայրույթն ու դժգոհությունը:

Անշուշտ, հրապարակային խոսքը քաղաքական գործունեության անբաժան մասն է, և երբեմն անհնար է խուսափել բանավոր խոսքի ժամանակ տեղ գտած վրիպումներից:

Սխալվել կարող են բոլորը, իսկ առերեսվել սխալների հետ և ուղղել դրանք` պարտավոր են անել առաջին հերթին հանրային առաջնորդություն ստանձնած մարդիկ` օրինակ ծառայելով բոլորի համար:

Լավագույն առաջնորդությունը սեփական օրինակով առաջնորդությունն է: Կարծում եմ` սա մի բան է, որ պետք է լինի մեր քաղաքական դաշտի արժեքային ուղենիշներից մեկը:

Առաջնորդվելով այս ուղենիշով` որոշել եմ հրաժարականի դիմում ներկայացնել ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից:

Միաժամանակ, որոշել եմ ինքնաբացարկ հայտնել առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիկան պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելուց:

Շարունակելու եմ ծառայել մեր պետությանն ու ժողովրդին` Հայաստանի Հանրապետության հզորացման կարևորագույն առաքելության ճանապարհին»: