Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և Արխիվի տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում «ՍՏԻ, ԶՐՊԱՐՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՒՏ ՄԱՏՆՈՒԹՅԱՆ ԽԱՎԱՐԻ ՓԱՐԱՏՈՒՄ» վերտառությամբ գրառման մեջ նշում է. «Մի խումբ կարգալույծ եղածներ՝ նախկին «հոգևորականներ», իբրև խամաճիկներ որոշ ամբարիշտ, ապստամբ ու կանոնազանց եպիսկոպոսների և սրանց կամակիցների, մոլագարությամբ տարված են ստի, զրպարտության և սուտ մատնության տարածմամբ: Արարք, որը դատապարտելի է բարոյապես և ենթակա է քրեական պատասխանատվության:
Սրբությունների և սրբոց մասունքների ընծայաբերությունը քրիստոնեական դարավոր ավանդություն է: Սբ Եկեղեցու հովվապետը և որևէ թեմակալ եպիսկոպոս լիակատար իրավունք ունեն իրենց Եկեղեցու և թեմի սրբություններից ու սուրբ մասունքներից նվեր տալու թե՛ աշխարհականի, թե՛ հոգևորականի, թե՛ Եկեղեցու, թե՛ պետության:
Ահա այս նվիրական կարգով Հայոց Եկեղեցու գահակալները՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսները դարեր շարունակ ե՛ւ ստացել, ե՛ւ ընծայել են սրբություններ և սրբոց մասունքներ:
Պատմական շատ հեռուները չգնալով՝ վկայակոչենք որոշ նշանավոր դեպքեր.
ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
Տ. Տ. Սիմեոն Ա. Երեւանցի Ամենայն Հայոց Կաթողիկոսը 1766 թ. Ռուսաց Եկատերինա Բ. կայսրուհուն է նվիրել Մայր Աթոռում պահվող Սբ Հովհաննես Մկրտչի, Սբ Գեւորգ Զորավարի եւ Սբ Հռիփսիմեի Կույսի մասունքներից, ինչպես նաեւ՝ մի կտոր Նոյյան Տապանի փայտից:
Տ. Տ. Գեւորգ Դ. Կոստանդնուպոլսեցի Ամենայն Հայոց Կաթողիկոսը 1879 թ. Ալեքսանդր Թահիրյանցի դուստր միանձնուհի Հռիփսիմե Թահիրյանցին է նվիրել Մայր Աթոռում պահվող Սբ Հռիփսիմե Կույսի մասունքից:
Տ. Տ. Մկրտիչ Ա. Խրիմյան Ամենայն Հայոց Կաթողիկոսը 1903 թ. ազգային-եկեղեցական մեծ բարերար Ալեքսանդր Մանթաշյանին է նվիրել Մայր Աթոռում պահվող Սբ Թադեոս առաքյալի մասունքից:
Տ. Տ. Վազգեն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսը 1966 թ. Եթովպիայի Հայլե Սելասիե Ա. կայսրին է նվիրել Մայր Աթոռում պահվող Սբ Թադեոս առաքյալի մասունքից:
Տ. Տ. Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսը 1996 թ. Ռուս Ուղղափառ Եկեղեցու Ալեքսի Բ. Պատրիարքին է նվիրել Մայր Աթոռում պահվող Սբ Անդրեաս առաքյալի մասունքից:
Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը 2004 թ. Ռուս Ուղղափառ Եկեղեցու Ալեքսի Բ. Պատրիարքին է ընծայել Սբ Գեղարդի մանրակերտը, որի մեջ ամփոփվել է Մայր Աթոռում պահվող Աստվածամուխ Սբ Գեղարդի կոթառի միջից հանված մասունք-փշրանքը:
Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը 2023 թ. Բուլղարիայի հայոց թեմին է ընծայել Մայր Աթոռում պահվող Սբ Հովհաննես Մկրտչի մասունքից:
ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՆԵՐԻՆ
Հռոմի պապ Պողոս Զ. Սրբազան Քահանայապետը 1970 թ. Տ. Տ. Վազգեն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսին է ընծայել Սբ Բարդուղիմեոս առաքյալի մասունքը:
Հռոմի պապ Հովհաննես-Պողոս Բ. Սրբազան Քահանայապետը 1994 թ. Տ. Տ. Վազգեն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսին է ընծայել Սբ Թադեոս եւ Սբ Բարդուղիմեոս առաքյալների մասունքները:
Հռոմի պապ Հովհաննես-Պողոս Բ. Սրբազան Քահանայապետը 2000 թ. Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին է ընծայաբերել Սբ Գրիգոր Լուսավորչի մասունքը:
Սանկտ-Պետերբուրգի Պետական Էրմիտաժի տնօրեն Մ. Բ. Պիոտրովսկին 2000 թ. Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին է ընծայաբերել Կիլիկյան Հայաստանի Սկեւռայի վանքի հռչակավոր մասանց տուփը՝ ավելի քան 20 սրբոց մասունքներով:
Չեխիայի Կաթոլիկ Եկեղեցու առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս Յան Գրաուբները 2024 թ. Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին է ընծայաբերել Սբ Բարդուղիմեոս առաքյալի մասունքը:
Շվեցարահայ գործարար եւ բարերար Վահե Գաբրաշը 2025 թ. Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին է ընծայաբերել Սբ Վլաս եպիսկոպոս Սեբաստացու մասունքը:
Ահավասիկ, մի քանի նշանավոր նվերներ՝ դարերի հոլովույթում կատարված բազմաթիվ ընծայաբերություններից:
Այս ամենը շարադրեցինք, որպեսզի փարատվի ստի, զրպարտության եւ սուտ մատնության խավարը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսի դարավոր եւ լիակատար իրավունքն է սրբություն եւ սրբոց մասունք ընծայաբերելը:
Իսկ այն, որ միմիայն Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության շրջանում 33 մասունքարան (որոնցից որոշների մեջ մի շարք սրբոց մասունքներ կան ամփոփված) է ստացվել Սուրբ Էջմիածնի Գանձատանը՝ իսպառ պետք է պապանձեցնի ստախոս ու մոլորեցնող տարբեր բերաններն ու անձերին»:










