ՀՀ առաջ աշխարհաքաղաքական պահանջներ են դրվում, և այս իշխանությունն այդ պահանջները կատարելու համար ունի լուրջ խնդիր. Քաղաքագետ


ՀՀ առաջ աշխարհաքաղաքական պահանջներ են դրվում, և այս իշխանությունն այդ պահանջները կատարելու համար ունի լուրջ խնդիր. Քաղաքագետ
Հուլիս 14 15:43 2026

«Քաղաքական հակառակորդների  հանդեպ բռնաճնշումները վկայում են իշխանության թուլության մասին»,- Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

«Մենք ունենք պատմական օրինաչափություններ տարբեր երկրներում, երբ որ իշխանությունը թուլանում է, ստիպված է  լինում ինչ-որ առումով կեղծել ընտրությունները, հանրության մեջ այն կարծիքն է  ձևավորվում, որ իշխանությունները լեգիտիմ չեն, այդ ժամանակ քաղաքական հակառակորդների հանդեպ սկսվում են բռնաճնշումները։ Սա իշխանության թուլության նշան է։ Եթե իշխանությունը լեգիտիմ է, ուժեղ է, կարիք չունի բռնաճնշումների, նույնիսկ իրեն ձեռնտու է ընդդիմության գոյությունը, որ պատրանք է ստեղծում՝ տեսեք,  կա խոսքի ազատություն, քաղաքական ազատություններ, գնում է  քաղաքական պայքար, մենք ուժեղ ենք, մենք հաղթել ենք»,- ասաց քաղաքագետը։

Ըստ նրա, պատահական չէ, որ ընտրությունների նախօրեին, ընտրություններից հետո բռնաճնշումները սկսվեցին. «Սա ակնհայտորեն ցույց է տալիս, որ այս իշխանությունը լեգիտիմության հետ կապված շատ լուրջ խնդիրներ ունի»։

Ստեփան Դանիելյանի խոսքով, ըստ ժանրի տրամաբանության, հետապնդումները կշարունակվեն։ 

«Իշխանության դիրքերը գնալով թուլանում են, միջազգային խաղացողների կողմից տարբեր, շատ դեպքերում իրար հակառակ աշխարհաքաղաքական պահանջներ են դրվում Հայաստանի առաջ և այս իշխանությունն այդ պահանջները կատարելու համար ունի լուրջ խնդիր։ Կարծում եմ՝ այս բռնաճնշումները կշարունակվեն, ենթադրում եմ հիմա թիրախում կհայտնվեն լրատվամիջոցները»,- ասաց քաղաքագետը։

Ս.Դանիելյանը նշեց, որ ընդդիմությունը  պետք է ճիշտ բանաձև ընտրի, որը հասկանալի կլինի Հայաստանի հանրության, դրսի գործընկերների համար։