«Մենք չենք պատրաստվում հետ նահանջ անել։ 130 հոգով մնացել ենք առանց աշխատանքի։ Մեր գործարանն անօրինական կերպով պլոմբվել է, արդեն ինը օր է՝ չենք աշխատում»,- լրագրողների հետ զրույցում ասեց «Մուլտի Տաբակ» ընկերության աշխատակիցներից մեկը։
Նա և իր գործընկերներն այսօր ակցիա էին անում իրավապահների կողմից կապարակնքված գործարանը բացելու ու իրենց աշխատանքը վերականգնելու պահանջով։
Կնոջ խոսքով՝ ինքը գործարանում աշխատում է բացման օրվանից՝ արդեն չորս տարի, աշխատավարձը եղել է իր ընտանիքի հիմնական եկամտի աղբյուրը։
«Ես շատ գոհ եմ, ինձ շատ հարմար է։ Ես իմ ընտանիքին եմ պահում, իմ երեխեքին եմ պահում։ Այսօր ինչի՞ պիտի իմ կոլեկտիվի հետ դրսում մնանք։ Մենք ոչ ողորմություն ենք խնդրում, ոչ էլ եկել ենք այստեղ, որ աղաչենք՝ գործարանը բացեն։ Կա օրենքով որոշված կարգ ու կանոն։ Ստուգեցին, թող պարտավորված լինեն բացել; Թող մեզ չդչդեն, որ գնանք ավելի վատ քայլերի»,- ասեց նա։
Կնոջ խոսքով, գործարանի փակման հետևանքով ոչ միայն իրեն, այլև բազմաթիվ ընտանիքների է սպառնում աշխատանքը կորցնելու վտանգը։
«Կառավարությունն այսօր 15 հազար աշխատողի է թողել առանց աշխատանքի։ Մեր մասին ո՞վ պիտի մտածի։ Մեր վարչապետը ամբողջ երկրով շրջագայություն է անում, սելֆիներ է անում, բայց չի մտածում, որ մարդիկ մնացել են դրսում»,- նշեց ակցիայի մասնակիցը։
Նրա խոսքով՝ աշխատակիցներն արդեն հոգնել են ստեղծված իրավիճակից և պահանջում են, որ իրենց ձայնը լսելի լինի։
«Այսքան աշխատող մեզ է նայում։ Տղամարդիկ, կանայք մնացել են առանց գործ։ Ունենք շատ լավ ղեկավարներ, ես բոլորից շատ գոհ եմ, շատ մարդամոտ են, ամեն հարցով մեզ աջակցել են։ Այսօր այս մարդիկ շիվարած մնացել են»,- ասաց աշխատակիցը։
Նա համոզված է, որ գործարանը միշտ աշխատել է օրինական դաշտում, իսկ ստուգումների ընթացքում աշխատակիցները բախվել են դժվարությունների։
«Մեր գործարանը միշտ էլ օրինական աշխատել է։ Իրենք անօրինական կերպով ներս են խուժել ու մեզ թողել են դրսում։ Ավելի քան 10 ժամ ստուգումներ են արել, մեր անձնական իրերն էլ են ներսում մնացել։ Ես չորս տարի է այստեղ աշխատում եմ, և երբևիցե չի եղել, որ գործարանի դուռը իմ առաջ փակ լինի, ես չկարողանամ մտնել ու իմ բնականոն աշխատանքը կատարել»,- ասաց «Մուլտի Տաբակ» ընկերության աշխատակիցը։










