«Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ Շիրազ Մանուկյանցն ընդգծում է՝ ՀՀ քաղաքացին չի կարողանում ցուրտ ձմռանը հոգալ իր ջեռուցման ծախսերը, իսկ ՀՀ գործող իշխանությունը մեծ պարգևավճարներ է ստանում. պատգամավորները՝ 3 միլիոն դրամ, նախարարները՝ 6-7 միլիոն, վարչապետը՝ մոտ 12 միլիոն։
«2024 թվականի տվյալներով՝ պարենային նվազագույն զամբյուղը կազմում է 41 000 դրամ, նվազագույն աշխատավարձը՝ 75 000 դրամ։ Ի՞նչ ռազմավարությամբ պիտի կազմակերպի այսօր քաղաքացին իր ծախսերը, որ 34 000 դրամի մեջ կարողանա տեղավորվել, այնտեղ ներառել իր չնախատեսված ծախսերը, ջեռուցման ծախսերը, մնացած բոլոր խնդիրները։ Այս ամենին զուգահեռ՝ պատգամավորները ստանում են 3 միլիոն դրամ պարգևավճար, նախարարները՝ 6-7 միլիոն, վարչապետը՝ մոտ 12 միլիոն դրամ պարգևավճար։
Ի՞նչ է երևում․ երկու Հայաստան՝ գոյատևման Հայաստան և արտոնությունների Հայաստան։ Արտոնությունների Հայաստանից շահում է միայն իշխանական վերնախավը՝ այդ պարգևավճարների մեջ «լող տալով», իսկ գոյատևման Հայաստանում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացին է՝ իր խնդիրներով»,- ընդգծել է Մանուկյանցը։










