ՊՆ խոսնակը հերքում է, որ գնդապետ Դավիդյանը հոգևոր ծառայություն մատուցող քահանաներին խոստացել է դրամական աջակցություն, եթե համաձայնեն միավորվել տիրադավներին


ՊՆ խոսնակը հերքում է, որ գնդապետ Դավիդյանը հոգևոր ծառայություն մատուցող քահանաներին խոստացել է դրամական աջակցություն, եթե համաձայնեն միավորվել տիրադավներին
Հունվար 14 16:15 2026

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հերքում է լուրն այն մասին, որ Հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գնդապետ Լ. Դավիդյանը, շրջայցեր կատարելով իր հրամանատարության ներքո գտնվող զորամասեր, հոգևոր ծառայություն մատուցող քահանաներին ՊՆ ղեկավարության անունից խոստացել է դրամական աջակցություն, եթե իր ստորագրությամբ համաձայնվեն միավորվել տիրադավներին։

Այս տեղեկության մասին հայտնել էր PARA TV-ն։

«Չի համապատասխանում իրականությանը»,- նշել է ՊՆ խոսնակը։

Հիշեցնենք՝ Հայր Հովհաննես Թորգոմյանը երեկ ահազանգել էր, որ ՀՀ Զինված ուժերում ծառայող գնդերեց եղբայրներին տարբեր ձևերով և մեթոդներով փորձում են ներքաշել ազգակործան, տիրադավ և հայրենադավ, կեղծ բարենորոգման արհեստական շարժման և օրակարգի մեջ: 

Տեր Մանուկ քահանա Զեյնալյանն էլ Aysor.am-ին տված հարցազրույցում ասել էր, որ գնդերեցներին սպառնացել են, թե կզրկվեն աշխատավարձից, կհանեն ծառայությունից և այլն։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ևս հաստատել են՝  նման մտահոգիչ տեղեկություններ և ահազանգեր ստացվել են Մայր Աթոռում։

«Երևույթը միանշանակ դատապարտելի է և անընդունելի։ Կարծում ենք՝ բանակը պետք է զերծ մնար նման բռնաճնշումներից»,- Aysor.am-ին հայտնել են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։