Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը չի հիշում, թե ինչքան պարգևավճար է ստացել։
«Ամեն դեպքում, այդ ինֆորմացիան գաղտնի չէ, դուք դրա մասին ինֆորմացիան շատ բաց ու հասանելի կարող եք տեսնել իմ տարեկան հայտարարագրում։ Ընդհանրապես, խորհուրդ եմ տալիս բոլոր պաշտոնատար անձանց հայտարարագրերն ուսումնասիրել և այնտեղ տեսնել, թե ով ինչքան աշխատավարձ և ինչքան հավելավճար է ստացել»,-լրագրողների հետ զրույցում ասաց Գալյանը։
Նա նշեց, որ պարգևավճարները տրվել են պաշտոնյաների կատարած աշխատանքի, դրա ռիսկայնության համար. «Կառավարությունը կարող էր գնալ շատ ավելի ռադիկալ որոշման, որ վերանայի պետական պաշտոն զբողեցնող անձանց վարձատրության գործակիցները։ Բայց քանի որ դա կլիներ տևական պրոցես, այս պահին որոշում է կայացվել կառավարության կատարողականի՝ աշխատանքների իրականացման ծավալի հիման վրա, որոշակի տոկոսային հարաբերակցությամբ տրամադրել պարգևավճարներ։ Ընդ որում, պարգևավճարները տրամադրվում են ոչ միայն ղեկավարներին, այլև՝ նախարարությանը՝ հաշվի առնելով կոնկրետ նախարարության առաջնությունների կատարման ծավալը»։
Նախարարը սա շատ կարևոր քայլ է համարում. «Մենք անընդհատ խոսում ենք աշխատավարձի սակավությամբ պայմանավորված՝ կադրեր հայթայթելու խնդրի մասին, թափուր հաստիքների, աշխատանքները ժամանակին կատարել չհասցնելու մասին, ես կարծում եմ՝ սա քայլ է, որը մեծ գոհունակությամբ ընդունվել է նաև հանրային բոլոր ծառայողների կողմից։ Սա մեծ մոտիվացիոն ազդակ է, որպեսզի նրանք էլ ավելի ջանասիրաբար աշխատեն»։
Վերջում Գալյանը հիշեց, որ մոտավորապես 6-7մլն պարգևավճար է ստացել, որը համարում է իր աշխատանքի դիմաց նորմալ վարձատրություն։










