Հայր Հովհաննես Թորգոմյանը երեկ ահազանգել էր, որ ՀՀ Զինված ուժերում ծառայող գնդերեց եղբայրներին տարբեր ձևերով և մեթոդներով փորձում են ներքաշել ազգակործան, տիրադավ և հայրենադավ, կեղծ բարենորոգման արհեստական շարժման և օրակարգի մեջ:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հաստատում են՝ նման մտահոգիչ տեղեկություններ և ահազանգեր ստացվել են Մայր Աթոռում։
«Երևույթը միանշանակ դատապարտելի է և անընդունելի։ Կարծում ենք՝ բանակը պետք է զերծ մնար նման բռնաճնշումներից։
Բանակի հոգևոր առաջնորդության արդեն կայացած ինստիտուտի կարևորագույն առաքելություն է իրականացնում մեր Զինված ուժերում, գնդերեցները ոչ միայն հոգևոր, այլև բարոյահոգեբանական ծառայություն են մատուցում»,- Aysor.am-ին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
Մայր Աթոռից ընդգծեցին՝ իշխանությունների կողմից իրենց դիրքի չարաշահմամբ նման գործողությունների մեջ գնդերեցների ներքաշումը և կիրառվող հարկադրանքները վտանգում են այս ինստիտուտի առաքելությունը, ինչը լուրջ հարված է Հայոց բանակին և ազգային անվտանգության հիմքերին։










