Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանին հրավիրել են Քննչական կոմիտե։
Հայր Սուրբը հարցաքննության է հրավիրվել։
Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանն Aysor.am-ին հրաժարվեց մեկնաբանություն տալ։
«Չենք մեկնաբանում»,- ասաց նա։
Հայր Ասողիկի հարցաքննությունը կապ ունի Սուրբ Գեղարդի շուրջ մամուլում հայտնված տեղեկությունների հետ:
ՀՀ գլխավոր դատախազությունից Aysor.am-ին հայտնեցին, որ նշված դեպքի հանգամանքները քրեական վարույթի շրջանակում քննության առարկա է։
Հիշեցնենք՝ իշխանամերձ լրատվականները գրել էին, թե, իբր, Հայոց Եկեղեցու սրբություններից Աստվածամուխ Սուրբ Գեղարդը վաճառվել է։
Հայր Ասողիկն արձագանքել էր այս տեղեկությանը՝ նշելով, որ Մայր Աթոռի բոլոր սրբություններն ու մասունքներն անվնաս ու անխաթար, ամենայն պատասխանատվությամբ և սրբորեն պահվում են Սուրբ Էջմիածնի Գանձատանը:
«Աստվածամուխ Սուրբ Գեղարդը ոչ միայն ազգային սրբություն է, այլև՝ համաքրիստոնեական սուրբ մասունք, որը դարեր շարունակ պահվել է Հայոց Եկեղեցում և, այլևս, 2014 թ., Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով, տարին մեկ անգամ դուրս է բերվում Մայր Տաճար, որպեսզի հայ և օտարազգի ուխտավորները մոտենան և անկեղծ հավատքով համբուրեն այդ հրաշագործ սրբությունը:
Բնավ, երբեք ուշ չդարձնեք, սիրելիներ, այդ սուտ և զազիր խոսքերին ու տեսանյութերին, որոնք կրկին սկսել են շրջանառել որոշ շրջանակներ՝ այդպես խժդժություն առաջ բերելու չարանենգ նպատակով:
Բարեպաշտ հայորդիք հավատարիմ են իրենց Սրբություն Սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և ունեն հոգևոր ու ազգային ինքնագիտակցություն՝ հրաժարվելով ու հեռացնելով ամենայն չարից ու չար խորհուրդ, չար խոսք ու գործ:
Վստահ եմ, որ Սբ Գեղարդի զորությամբ պատուհասվելու են այդ ստախոս բերաններն ու պիղծ հոգիները. եղիցի, եղիցի»,- նշել էր Հայր Սուրբը։










