Վերջերս մի տեղ հանդիպման էինք, խոսողներից մեկն ասաց՝ «այս օրհասական ժամանակներում»։ Ասացի՝ «կներեք, բայց ժամանակները ինչո՞վ են օրհասական, կարո՞ղ եք բացատրել, ինչ-որ բան բաց եմ թողել». «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» քննարկմանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ եթե նախկինում այդպիսի նախադասությունը սովորական էր հնչում, հիմա արդեն իր «ականջը ծակում է»։
Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ-ի շուրջ իրավիճակը գոյության պատմության ողջ ընթացքում ավելի կայուն երբեք չի եղել, որքան հիմա։
«Մենք չպետք է ուրիշ որևէ մեկից սպասենք։ Մինչ այս պահը ո՞նց էր Հայաստանի ռեժիմը։ Խրիմյան Հայրիկի ժամանակներից ընդունված էր մեծ դռներ ծեծել՝ թղթե շերեփով կամ արծաթագույն ներկած շերեփով, որ մետաղի տպավորություն թողնի և այլն։ Իհարկե, մեծ գործընկերներն ունեն առանցքային նշանակություն, բայց արտաքին քաղաքականությունում շատ ընդունված է, որ ասում են բաներ, որ դու ուզում ես լսել, որովհետև չեն ուզում անիմաստ լեզվակռվի և բանավեճի մեջ մտնել։ Եվ մեր արձանագրումն էր՝ մենք պետք է որոշում կայացնենք, թե ինչ ճանապարհով ենք ուզում գնալ, և այդ պարագայում միջազգային օգնությունն ավելի ռեալ է լինում»,-ասաց նա։
Փաշինյանը նշեց՝ իրենք հասկացան, որ հնարավոր է միջազգային թնջուկից դուրս գալ՝ առանց միմյանց տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունը, ինքնիշխանությունը չճանաչելու։ «Եթե մենք այդ որոշումները չկայացնեինք, ես նույնիսկ չեմ փորձի նկարագրել, թե 2026 թ. հունվարի 14-ի դրությամբ ինչ կլիներ մեր տարածաշրջանում»,- ասաց նա։










