Քննիչները պատվեր են ստացել Վարդան Ղուկասյանի գործն ավարտելու, դատարան ուղարկելու մասին. Փաստաբան


Քննիչները պատվեր են ստացել Վարդան Ղուկասյանի գործն ավարտելու, դատարան ուղարկելու մասին. Փաստաբան
Նոյեմբեր 27 18:02 2025

Գյումրիի կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանն այսօր տեղեկացրել էր, թե քննիչն իրեն հայտնել է նախաքննության ավարտի մասին։

«Պարոն Ղուկասյանին կալանավորել են 2 ամսով, սակայն կալանավորումից 38 օր անց, քննիչն ինձ ծանուցում է նախաքննության ավարտի մասին։ Այսօր ինձ հրավիրել է հակակոռուպցիոն դատարան, որպեսզի ծանոթացնի գործի նյութերին»,-ասել էր Փոստանջյանը՝ քննիչին հանդիպելուց առաջ։

Aysor.am-ի հետ զրույցում Զարուհի Փոստանջյանն ասաց, թե ակնհայտ է, որ քննիչները պատվեր են ստացել Վարդան Ղուկասյանի գործն ավարտելու մասին։

«Պատվեր են ստացել գործն ավարտելու, որովհետև երևի այլ գործառույթներ իրականացնելու հնարավորություն չունեն։ Եթե ունենային, ապա պետք է դատարանին լրացուցիչ ապացույցներ ներկայացնեին, թե ինչ են արել այս 38 օրերի ընթացքում և ինչ են պատրաստվում անել, որպեսզի կարողանան կալանքը երկարացնել։

Ակնհայտ է, որ հիմա պատվեր ունեն գործն ուղարկելու դատարան։ Նույնիսկ միջնորդություն ներկայացնելու համար ժամկետ տրամադրելու հետ կապված սահմանափակումներ են մտցնում՝ տրամադրելով ժամկետ մինչև վաղը։

Իհարկե, միջնորդություն կանենք և քննիչին բացարկ կհայտնեմ, որովհետև այն, ինչ կազմվել է՝ բացառիկ խայտառակություն է»,-ասաց փաստաբանը։

Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ քննիչն իմանալով Վարդան Ղուկասյանի խախտված իրավունքների մասին, շարունակում է պատվերներ կատարել։

Փոստանջյանը վստահ է՝ իրավապահները  ցանկանում են դեռ կալանքի տակ պահել Վարդան Ղուկասյանին։

«Մենք պայքարելու ենք դրա դեմ։ Շինծու, տարբեր լաթերից կարած այս քրեական գործն, իհարկե, փլվելու է, բայց իրենց համար մեկ օրն անգամ նշանակություն ունի։

Որևէ մեկի հետ առերեսում չի կատարվել։ Որպեսզի փաստերը հաստատվեն, որ իբր թե իրենց այդ մեղադրանքը հիմնավոր է, պետք է գոնե առնվազն առերեսումներ իրականացրած լինեին, սակայն դա էլ չկա։ Ակնհայտ է, որ ոչինչ չունեն, բայց ունեն պատվեր և այդ պատվերի ներքո գործում են։ 

Սա հերթական անհիմն քրեական հետապնդումն է, գաղտնալսումներն իրականացվել են իրենց սրտի դատավորի՝ Ժորա Չիչոյանի կողմից»,-ասաց Զարուհի Փոստանջյանը։

Հիշեցնենք նաև, որ Ղուկասյանին մեղադրում են կոռուպցիոն գործարքների մեջ, մեղադրանքը նա չի ընդունում։