Նոր ռեկորդ․ պետական պարտքը կհասնի 75.8 տրիլիոն դոլարի


Նոր ռեկորդ․ պետական պարտքը կհասնի 75.8 տրիլիոն դոլարի
Հուլիս 23 18:52 2026

Զարգացած երկրների պետական պարտքը մինչև 2026 թվականի ավարտը կհասնի պատմական առավելագույն՝ 75.8 տրիլիոն դոլարի։ Fitch Ratings վարկանիշային գործակալության գնահատմամբ՝ դրա հիմնական պատճառներն են շարունակվող բյուջետային դեֆիցիտները, աշխարհաքաղաքական ճգնաժամերը և պետական ծախսերի աճը։

Fitch-ի կանխատեսմամբ` միայն 2026 թվականին զարգացած տնտեսությունների պետական պարտքը կավելանա 4.2 տրիլիոն դոլարով՝ հասնելով համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 104 տոկոսին։ Համեմատության համար՝ երկու տասնամյակ առաջ այդ ցուցանիշը կազմում էր 26 տրիլիոն դոլար, կամ ՀՆԱ-ի 68 տոկոսը։

Գործակալության տվյալներով՝ զարգացած աշխարհի տասը խոշոր տնտեսությունների բաժին կհասնի ընդհանուր պարտքի շուրջ 69 տրիլիոն դոլարը, որը կկազմի նրանց համախառն ներքին արդյունքի 114.5 տոկոսը։ Սա վկայում է, որ համաշխարհային պարտքի կուտակման հիմնական շարժիչ ուժերը շարունակում են մնալ Միացյալ Նահանգները և մի շարք այլ խոշոր տնտեսություններ։

ԱՄՆ-ը՝ ամենամեծ բյուջետային դեֆիցիտով

Fitch-ը կանխատեսում է, որ 2026 թվականին զարգացած խոշոր տնտեսությունների շարքում ամենամեծ պետական բյուջեի դեֆիցիտը կունենա ԱՄՆ-ը՝ ՀՆԱ-ի 7.8 տոկոս, կամ շուրջ 2.5 տրիլիոն դոլար։

Հաջորդում են  Ֆրանսիան՝ 5%, Մեծ Բրիտանիան՝ 4.8%, Գերմանիան՝ 3.7%, Ճապոնիան՝ 3.1%։

Պարտքի աճի պատճառները

Fitch-ը նշում է, որ պետական պարտքի շարունակական աճը պայմանավորված է վերջին տարիներին հաջորդած համաշխարհային ճգնաժամերով։ Դրանց թվում են 2008 թվականի ֆինանսական ճգնաժամը, եվրագոտու պարտքային ճգնաժամը, COVID-19 համավարակը, պատերազմն Ուկրաինայում և ԱՄՆ-Իրան շարունակվող հակամարտությունը։

Միաժամանակ կառավարությունները ստիպված են ավելացնել ծախսերը պաշտպանության, բնակչության ծերացման հետևանքով սոցիալական ապահովության, կլիմայի փոփոխությանը հարմարվելու ծրագրերի և պետական պարտքի սպասարկման համար։ Fitch-ի հաշվարկներով՝ միայն Եվրոպայում պաշտպանական ծախսերը 2025-2029 թվականներին միջինում կավելանան ՀՆԱ-ի 0.6 տոկոսային կետով։

Աճում են նաև ֆինանսական ռիսկերը

Վարկանիշային գործակալությունը զգուշացնում է, որ պետական պարտքի բարձր մակարդակը մեծացնում է նաև ֆինանսական շուկաների ռիսկերը։ Թեև ԱՄՆ-Իրան հակամարտության ընթացքում արձանագրված առավելագույն մակարդակից հետո զարգացած երկրների 10-ամյա պետական պարտատոմսերի եկամտաբերությունը որոշ չափով նվազել է, այն դեռևս մնում է հակամարտությունից առաջ եղած մակարդակից միջինում 51 բազիսային կետով բարձր։

Ինչ է սպասվում մինչև 2030 թվականը

Fitch-ի կանխատեսմամբ՝ մինչև 2030 թվականը ԱՄՆ-ի պետական պարտքը կհասնի ՀՆԱ-ի 131.5 տոկոսի՝ 2026 թվականի մոտ 120 տոկոսի դիմաց։

Ճապոնիան, թեև որոշակի նվազում կարձանագրի, կպահպանի զարգացած տնտեսությունների մեջ ամենաբարձր պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը՝ մոտ 192 տոկոս։

Արհեստական բանականությունը՝ և՛ հնարավորություն, և՛ ռիսկ

Fitch-ի գնահատմամբ՝  արհեստական բանականության զարգացումը կարող է նպաստել տնտեսական աճին և երկարաժամկետ հեռանկարում բարելավել պետական պարտքի կայունությունը, հատկապես ԱՄՆ-ում։

Սակայն գործակալությունը զգուշացնում է, որ այդ գործընթացը կարող է նաև հանգեցնել աշխատատեղերի կրճատման, սոցիալական ծախսերի ավելացման և հարկային եկամուտների նվազման, ինչը կթուլացնի դրա դրական ազդեցությունը պետական ֆինանսների վրա։