Էրեբունում կրակոցների գործով ձերբակալել են ոստիկանության գնդապետի եղբորը․ Armlur.am


Էրեբունում կրակոցների գործով ձերբակալել են ոստիկանության գնդապետի եղբորը․ Armlur.am
Հուլիս 23 20:27 2026

Armlur.am-ի տեղեկություններով՝ Էրեբունում կրակոցների աղմկահարույց գործով  իրավապահները ձերբակալել են ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության նախկին պետ, ՃՈ նախկին պետ և ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի եղբորը՝ Գուրգեն Հակոբյանին՝ քրեական ենթամշակույթին հարելու մեղադրանքով։ Ձերբակալությունը պայմանավորված է Էրեբունու Մուրացան 109 հասցեում, նկուղային հարկում, ըստ բնակիչների՝ խաղատան գործունեության մասով։ Գուրգեն Հակոբյանին կալանավորելու նպատակով միջնորդություն են ներկայացրել դատարան։  

Լրատվամիջոցը նշում է նաև, որ Էրեբունում կրակոցներից 1 շաբաթ առաջ կազմակերպիչները կռիվ ու հայհոյանքներ են հնչեցրել, վեճի առարկան եղել է բիզնեսում առաջացած անհամաձայնությունը, բիզնեսը չկիսելը և վրեժ պահելը:

Միջադեպի հետ առնչություն ունեցողները արտերկրում բիզնես են իրականացնում, մասնավորապես՝ ծխախոտի սև շուկայում են ներգրավված ու այլ անձանց՝ բիզնեսում հայտնվելը խիստ ծանր են տարել և սկսվել են հաշիվներ մաքրել միմյանց հետ: Արդյունքում, բանը հասել է կրակոցներին: Միջադեպի կազմակերպիչների կլանը հասնում է Կոտայքի մարզ:

Քրեական վարույթի շրջանակներում անգամ կին կա հարցաքննված: Իսկ այս պահին կալանավորվածը պարագլուխներից Արմեն Օհանյանն է:

Էրեբունիում հնչած կրակոցների գործով իրավապահները հարցաքննել են 30-ից ավելի անձի: 4 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել և կալանքի միջնորդություններ են ներկայացվել դատարան։  

30-ից ավելի կրակոցների հետևանքով սպանվածը 20-ամյա Վահե Մկրտչյանն է, վիրավորվածը՝ 15-ամյա Գ. Մարգարյանը։ 

Հուլիսի 18-ին դեպքի վայրում ուշագրավ իրավիճակ էր։ Սակրավորների խումբ էր եկել, քանի ոև դեպքի վայրում հայտնաբերվել էր նռնակ, որը բարեբախտաբար չէր պայթել։