«Իմ զայրույթը պայմանավորված էր առաջինը նրանով, որ նիստի քարտուղարը, առանց դատավորի թույլտվության, իմ միկրոֆոնը ընդհատեց։ Ուզում են ասել՝ ինչ ուզենք, կարան անեն» ,- դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց 9-րդ գումարման ԱԺ պատգամավորի կարգավիճակ ձեռք բերած, 8-րդ գումարման ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը։
Ըստ նրա՝ իր վրդովմունքն ամենևին չի վերաբերում կալանքի որոշմանը։
«նորից եմ ասում՝ 1 տարի 8 ամիս ընդհանուր կալանքի մեջ եմ, կարող եմ 5 տարի էլ լինեմ, 10 տարի էլ լինեմ, ես իմ պայքարի համար չեմ փոշմանել, էլի պայքարելու եմ։ Այստեղ խնդիրը այն էր, որ մի տարի է նիստեր ունենք, միշտ էլ մերժվել է, ոչ մի խնդիր չի եղել, բայց այս դեպքում հստակ բոլորդ լսեցիք, պարոն Վարդևանյանը հստակ մանրամասն դատավորին և դատախազներին բացատրեց, որ Սահմանադրական դատարանի որոշում կա, պատգամավորի հետ կապված Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշում կա, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի երեկվա նախագահի որոշում կա, բայց դատավորը գնաց կես ժամով, ընդմիջում ուզեց մի ժամով։ Գնաց հրահանգը ստացավ, եկավ, ասեց, որ էս երկրում ո՛չ սահմանադրական իրավունք կա, ո՛չ Վճռաբեկ դատարանի որոշում կա, ո՛չ էլ օրենք կա։ Սա է վրդովմունքի պատճառը»,- ասաց նա։
Միևնույն ժամանակ Սարգսյանը հավելեց, որ շարունակելու է պայքարել մինչև վերջ։
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք պատրաստվում է մասնակցել ԱԺ նիստերին, Սարգսյանն արձագանքեց, որ չի մասնակցի ԱԺ նիստերին, եթե նրան պետք է ուղեկցեն Պրոբացիայի ծառայության աշխատակիցները։
«Արդեն վեց ամիս է՝ նույն պատգամավորն եմ․ ի՞նչ փոխվեց․․․ փոխվեց դատավորի սկզբունքը։ Դա ընդամենը ծաղրուծանակություն է։ Եթե օրենքով խափանման միջոց տնային կալանքը վերացնեն, ապա կմասնակցեմ, եթե չէ, ապա չեմ մասնակցի»,– դատարանի դիմաց հայտարարեց պատգամավորը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։










