«Այս պահին բան չունեմ ասելու։ Պետք է հասկանալ՝ այն գրությունը, որը շրջանառվում է, արդյոք վավերական է, թե ոչ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն՝ անդրադառնալով համացանցում հայտնված եպիսկոպոսների դիմումին, որոնք պահանջում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին Արշակ Սրբազանի լիազորությունները սառեցնել։
Արշակ Սրբազանի խոսքով, դրա վավերականության մասին կարող են հաստատել այն անձինք, որոնց անունները շրջանառվում են։
«Երբ որ դա կհաստատվի, այդ ժամանակ ես իմ ասելիքները կասեմ։ Երբ որ ստորագրող անձինք կհաստատեն, այն ժամանակ ես իմ հետևությունները կանեմ, այդ թեմայի շուրջ ավելի հանգամանալից, պատշաճ ձևաչափով կզրուցենք»,-ասաց Սրբազանը։
Արշակ Սրբազանը նշեց, որ իրեն հայտնի չէ փորձաքննություն, փորձաքննության եզրակացություն. «Ինձ մոտ բնական հարց է առաջանում. եթե ես ուղղակիորեն ներգրավված եմ ակամա այս պրոցեսի մեջ, ինձ հայտնի չէ որևէ փորձաքննության եզրակացություն, ինչպես կարող է գործին չառնվող երրորդ, չորրորդ անձանց ձեռքին նման փորձաքննություն լինի»։
Հարցին՝ եթե Կաթողիկոսը որոշի ժամանակավորապես, ինչպես նշվում է տարածված տեքստում, սառեցնի Ձեր լիազորությունները, ինչպես կվերաբերեք դրան, Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն ասաց. «Եթե-ներով չեմ առաջնորդվում։ Ցանկացած որոշում պետք է ունենա իրավական, կամ գեթ տրամաբանական հիմնավորում։ Ես այդպիսի հիմնավորումներ չեմ տեսնում»։
Արշակ Սրբազանն ասաց, որ այս ամբողջը եկեղեցու դեմ, եկեղեցականների դեմ իրականացվող արշավի ցայտուն դրսևորում է, մնացյալը՝ տեխնիկայի և տեխնոլոգիաների հարց է։
«Ես ընդամենը Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի շարքային եպիսկոպոսներից մեկն եմ, որն ունի իր դիրքորոշումը, կեցվածքը, որը, հավանաբար, շատերին դուր չի գալիս։ Բնական եմ դա համարում, որովհետև ինձ էլ շատերի դիրքորոշումը դուր չի գալիս։ Բայց ի տարբերություն ինձ, մարդիկ, որոնք ունեն լծակներ, ռեսուրսներ, հետևողականորեն որոշել են իրենց դուր չեկող դիրքորոշումներով հանդես եկող անձին ոչնչացնել։ Ժամանակը ցույց կտա՝ ինչպես կստացվի։ Միայն կարող եմ ասել, որ իմ դիրքորոշումը եղել է, մնում է և շարունակելու է նույնը, չի փոխվելու»,- նշեց Սրբազանը։
Հարցին՝ հնարավո՞ր է ինչ-որ պահի որոշեք հեռանալ այս իրավիճակը մեղմելու համար, Սրբազանն ասաց. «Ինչո՞ւ համար հեռանամ։ Ես ասում եմ՝ ցանկացած որոշման տակ պետք է լինի իրավական, կանոնական, բարոյական կամ գեթ տրամաբանական հիմք։ Ոչ մի տեսանկյունից նման հիմք չեմ տեսնում։
Ես պետք է ինչ-որ որոշում կայացնե՞մ, որովհետև ինչ-որ մարդիկ այդպե՞ս են ցանկանում։ Ճի՞շտ եք համարում։ Իհարկե, ոչ»։
Սրբազանը նաև ասաց. «Լուսավորչի գահն ընծա չէ, որ Կաթողիկոսը կամավորաբար, իր նախընտրությամբ որևէ եպիսկոպոսի, արքեպիսկոպոսի նվիրաբերի։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Լուսավորչի գահին բազմել է ազգային եկեղեցական ժողովի որոշմամբ։ Այդ ժողովն է ի զորու կաթողիկոս ընտրելու»։










